Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բերդը ելույթ է ունեցել Կանադայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման 20-ամյակի առիթով:

 «20 տարi առաջ այս օրը Կանադան արեւմտյան երկրներից առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը եւ անմիջապես դիվանագիտական հարաբերություններ հաստատեց: Այսօր մեր երկու երկրների միջեւ գոյություն ունեն շատ ամուր հարաբերություններ, որոնք զարգանում են տարբեր ուղղություններով», - նշել է Կանադայի ԱԳ նախարարը:

Ըստ նրա` անցած տարիների ընթացքում երկու երկրներն ամրապնդել են համագործակցության կապերը: Երկու երկրներն էլ  ժողովրդավարական արժեքների համակարգի զարգացման նույն ընդհանուր մղումներն ունեն: Ինչպես նշել է նախարարը, այդ կապերի ամրապնդմանը նպաստում է հայկական համայնքը: Հայկական ծագմամբ  50.000 կանադացիները մեծ ներդրում ունեն քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի բնագավառներում: Տարեդարձի առիթով Ջոն Բերդը նաեւ հանդիպել է Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանի հետ եւ հանձնել նրան Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատող փաստաթղթի պատճենը: