Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման հեղինակ, այն ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Քենան Էվրենը եւ օդուժերի հրամանատար, գեներալ Թահսին Շահին Քահյան կարող են դառնալ շարքայիններ։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ եթե 1980-ի հեղաշրջման կազմակերպիչ գեներալները Անկարայի ծանր հանցագործությունների գործերով 12-րդ դատարանում ընթացող դատավարության ժամանակ մեղավոր ճանաչվեն, «Սահմանադրական կարգը բռնի փոխելու» մեղադրանքով, նրանց կոչումը կիջնի շարքայինի եւ նրանցից հետ կվերցվի բոլոր շքանշանները, մեդալները եւ ոսկե թրերը։

Նշենք, որ օրեր առաջ դատարանն ընդունեց հեղաշրջման կազմակերպիչների դեմ ներկայացրած մեղադրական զեկույցը, որտեղ այն ժամանակվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենի համար պահանջվում է ցմահ ազատազրում՝ ռազմական հեղաշրջման համար։

Քենան Էվրենը ներկայումս 94 տարեկան է։ Նա ավելի վաղ հայտարարել էր, թե ավելի լավ է ինքնասպան լինի, քան դատվի հեղաշրջման համար։