ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի Մինսկ կատարած այցի շրջանակներում այսօր` հունվարի 12-ին, ստորագրվել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի եւ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարության միջեւ 2012-2013թթ. համագործակցության ծրագիրը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Բաղդասարյանը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոյի հետ: Փոխանցելով ՀՀ նախագահի ջերմ ողջույնը` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ պատվիրակության այցը կլինի առավելապես արդյունավետ հայ-բելառուսական երկկողմ համաբերությունների ամրապնդման եւ տարբեր ոլորտներում հետագա փոխգործակցության խորացման առումով:

Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների առկա մակարդակի կապակցությամբ եւ ընդգծել, որ այդ գործընկերային հարաբերությունները, ինչպես նաեւ դիրքորոշումների առկա ներդաշնակությունը ՀԱՊԿ եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում մեծապես կնպաստեն անվտանգությանն առնչվող ոլորտներում, ինչպես նաեւ ռազմաքաղաքական, առեւտրա-տնտեսական եւ այլ ասպարեզներում երկկողմ համագործակցության էլ ավելի խթանմանը: Ալեքսանդր Լուկոշենկոն նշել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել ապրանքաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ, քանի որ բավականին մեծ է երկու երկրների առկա ներուժը: Բելառուսի Նախագահն իր գոհունակությունն է հայտնել Բելառուսի Հանրապետություն կատարած այցի ընթացքում հայկական կողմի ներկայացրած տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ կապերի հետագա խորացմանն ուղղված առաջարկների կապակցությամբ եւ պատրաստակամություն է հայտնել հայկական կողմի հետ քննարկել համագործակցության ցանկացած առաջարկ: 

Հայաստանյան պատվիրակությունն այնուհետեւ հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում են եղել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված հարցեր` այդ թվում հայ-բելառուսական համատեղ ձեռնարկությունների հիմնումը: Կարեւորվել է ռազմատեխնիկական հարցերով հայ-բելառուսական հանձնաժողովի հոկտեմբերի նիստին ընդունված որոշումների կենսագործման անհրաժեշտությունը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն փետրվար ամսին Հայաստան կժամանի Բելառուսի ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը: 

Այցի ավարտին Արթուր Բաղդասարյանն ընդունել է Բելառուս Ագրոարտ լիզինգ գործակալության գլխավոր տնօրեն Պավել Կռուպնովին:  Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Հայաստանում բացել ընկերության ներկայացուցչությունը` Հայաստանին անհրաժեշտ սարքավորումների եւ գյուղտեխիկայի տրամադրման նպատակով: