«Հայերի շրջանում զոհեր ու տուժածներ չկան, այս պահին հանգիստ է վիճակը, մեր բնականոն կյանքով ապրում ենք»։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Իսրայելահայեր» թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։
«Մեզ մոտ երբևէ խուճապ չի առաջանում։ Միակ անհանգստությունն այն է, որ գտնվում ենք պատերազմող երկրում և մեր աչքերի առջև մարդիկ են մահանում, շենքեր են փլուզվում։ Խնդիրն այն է, որ Իրանը փորձում է խոցել ռազմական օբյեկտները, բայց իրականում խոցում է խաղաղ բնակչությանը, որովհետև չունի ճշգրիտ հրթիռներ։ Այսօր երկու հրթիռ է ընկել Հերզլիյա քաղաքում. մի հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա, 10 հոգի վիրավորում էր ստացել։ Մյուս հրթիռն ընկել էր ավտոբուսի վրա։ Այդ քաղաքում էլ բավական մեծ թվով հայեր կան։ Բարեբախտաբար, հայերի շրջանում տուժածներ չկան։ 2023 թվականին երկու զոհ ունեցանք, դա մեզ բավարար էր։ Մեր համայնքը շատ փոքր է»,–նշեց Չերնամորյանը։
Հարցին, հայերը մտադրություն ունե՞ն Իսրայելից դուրս գալու և Հայաստան վերադառնալու, Արտյոմ Չերնամորյանը պատասխանեց.
«Գուցե մարդկանց մոտ նման մտադրություն կա, բայց դրա հնարավորությունը չկա, օդանավեր չկան։ Ռազմական գործողությունների սկսվելուն պես օդանավերը հեռացվել են երկրի տարածքից»։


























