Այսօր` հունվարի 12-ին, Եմենի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել երկրի արդեն նախկին նախագահ Ալի Աբդալահ Սալեհին դատական հետապնդումներից անձեռնմխելիություն տրամադրելու համար: Հազարավոր մարդիկ են դուրս եկել Սանայի, Թաիզայի, Իբբայի եւ Խոդեյդայի փողոցներ:
Նրանք պահանջում են Սալեհին եւ նրա ընտանիքին զրկել անձեռնմխելիությունից եւ երկրի ղեկավարի պաշտոնում եղած ընթացքում կատարած հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկել: Բողոքի ակցիաները խաղաղ են, այս պահի դրությամբ ոչ մի արտակարգ պատահար չի արձանագրվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, 2011թ. նոյեմբերի 23-ին արդեն երեք տասնամյակից ավելի իշխող Սալեհը Սաուդյան Արաբիայում ընդդիմության հետ իշխանությունը հանձնելու պայմանագիր է ստորագրել: Փաստաթուղթը պետության ղեկավարին եւ նրա ընտանիքին դատական հետապնդումներից պաշտպանություն է երաշխավորում` հրաժարականի դիմաց:
Հունվարի 8-ին Եմենի ազգային միասնության կառավարությունը հավանություն է տվել http://news.am/arm/news/88349.html Սալեհի անձեռնմխելիության մասին օրինագծին, որն այժմ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից: Պատգամավորների պալատի նիստը պետք է կայանար դեռեւս նախօրեին, բայց հետաձգվել էր ցուցարարների ճնշման տակ:
Չնայած դրան` Սալեհը շարունակում է մնալ երկրի ազդեցիկ անձանցից մեկը եւ պահպանում է իր «պատվավոր նախագահի» կարգավիճակը` մինչեւ փետրվարի 21-ին կայանալիք արտահերթ ընտրությունները:



























