Եգպտոսում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, չափավոր եւ արմատական իսլամիստները ճնշող մեծամասնություն են ստացել երկրի խորհրդարանի ստորին պալատում:

Արմատական ֆունդամենտալիստները «Ան-Նուր» կուսակցությունից, ընդհանուր առմամբ, ստացել են մանդատների 25 տոկոսը, իսկ «Եղբայր մուսուլմաններ» շարժման քաղաքական թեւը, Ազատության եւ արդարության կուսակցությունը, որոնք «Ան-Նուրի» համեմատ, համարվում են չափավոր իսլամիստներ, ստացել են խորհրդարանի տեղերի 45 տոկոսը:

Արդեն հայտնի է, թե ինչպես կբաշխվեն խորհրդարանի 498 տեղերից 397-ը: 181 տեղ կստանա Ազատության եւ արդարության կուսակցությունը, 100 տեղ բաժին կհասնի «Ան-Նուր»-ին, համեստ` 8 հոգանոց խմբակցություն կունենա չափավոր իսլամիստական եւս մեկ քաղաքական միավորում` «Վասաթ» կուսակցությունը:

Քաղաքական այն ուժերը, որոնք փետրվարյան հեղափոխության ժամանակ առաջին շարքերում էին (ազատականները, ձախերն ու արեւմտամետ երիտասարդությունը), անհամեմատ համեստ արդյունքներ են արձանագրել, քան նշվում էր ամենահոռետեսական կանխատեսումներում:

Աջ կենտրոնամետ «Նոր Վաֆդ» կուսակցությունը, որն աշխարհիկ արաբական ազգայնականության կողմնակից է, ստացել է 35 մանդատ: «Եգիպտական բլոկը», որի մեջ կան երեք կուսակցություններ, կունենա 29, ձախ բլոկը` 10, իսկ ազատականները` «Բարեփոխումներ եւ զարգացում» բլոկից` 9 պատգամավոր:

Նշենք, որ սրանք դեռ վերջնական արդյունքները չեն, քվեարկության վերջին փուլի արդյունքները դեռ չեն ամփոփվել: