100%-ով համամասնական ընտրական համակարգին անցնելը քաղաքացիների շահերից չի բխում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ Հանրապետական գործարար պատգամավոր Մանվել Բադեյանը:

Նրա խոսքով, տվյալ օրինագիծը շրջանառության մեջ դնելով, «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն մեկ նպատակ են հետապնդում. իրենց կուսակցությունների շարքերում վառ անհատականություններ  չունենալով հանդերձ` փորձում են շահեկան դիրքում հայտնվել:

Պատգամավորի խոսքով` տվյալ օրինագիծը սահմանափակում է նաեւ քաղաքացիների  ընտրվելու սահմանադրական իրավունքը, ինչպես նաեւ մարդկանց զրկում է իրենց շրջանի պատգամավորին ընտրելու իրավունքից: «Ես պատճառ չեմ տեսնում 100%-ով համամասնական ընտրական համակարգին անցում կատարելու համար»:

Ինչ  վերաբերում է ներկայիս  խորհրդարանի պատգամավորների մակարդակի բավարար լինելու մասին հարցին, Բադեյանը նշել է. «Ցանկացած խորհրդարանի կարելի է քննադատել, անկախ նրանից, թե ընտրական որ համակարգով է ընտրվել: Ակնհայտ է նաեւ, որ անհրաժեշտ է բարձրացնել խորհրդարանի մակարդակը, սակայն դա կարելի է անել նաեւ մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների հաշվին»:

Խորհրդարանական «Ժառանգություն» եւ  ՀՅԴ կուսակցությունները հունվարի 12-ին շրջանառության մեջ են դրել Ընտրական օրենսգրքում փոփոխություն  մտցնելու օրինագիծը: Ըստ դրա` ներկայիս խառը համակարգից պետք է անցում կատարվի 100 %-անոց համամասնական համակարգի: Այդ մասին NEWS.am կայքին հայտնել են «Ժառանգություն» եւ  ՀՅԴ «Դաշնակցություն» կուսակցությունների մամուլի ծառայությունները:

Նշենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 27-ին ընդդիմադիր կուսակցական ուժերը հանդես են եկել 100 %-անոց համամասնական համակարգի անցնելու համատեղ հայտարարությամբ: Այս նախաձեռնությունը ողջունել եւ ընդունել են ընդդիմադիր Հայոց ազգային կոնգրեսը (ՀԱԿ),  «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը (ԺԿ), Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ), Ազգային-ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ), Հայաստանի Բանվորական Սոցիալիստական կուսակցությունը (ՀԲՍԿ), Հայաստանի միավորված աշխատանքային կուսակցությունը (ՀՄԱԿ), Հայաստանի ժողովրդավարական կուսակցությունը (ՀԺԿ), քաղաքացիական կազմակերպություններ եւ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ: