20 տարվա ջանքերից հետո ամերիկացի հետազոտողները հայտնաբերել են ժառանգաբար փոխանցվող շագանակագեղձի քաղցկեղի հետ կապված առաջին խոշոր գենետիկ մուտացիան: Այդ մասին նշված է նրանց «New England Journal of Medicine»-ում հրապարակված աշխատություններում, գրում է ֆրանսիական «Le Monde»-ը` հղում անելով France-Presse գործակալությանը: Այդ հազվագյուտ գեն-մուտանտը 10-20 անգամ մեծացնում է քաղցկեղի զարգացման հնարավորությունը երիտասարդների շրջանում:
«Սա շագանակագեղձի ժառանգական քաղցկեղի հետ կապված առաջին խոշոր գենետիկական տարբերակն է», որը հայտնաբերվել է, Միչիգանի համալսարանի բժշկական ֆակուլտետում ասել է ուռուցքաբանության դասախոս դոկտոր Կետլին Կունին` այդ հետազոտության հեղինակներից մեկը: «Մենք վաղուց էինք կասկածում, որ շագանակագեղձի քաղցկեղը ժառանգական է մի քանի ընտանիքներում, բայց գենետիկական թաքնված պատճառը որոշելը դժվար էր»,- ասել է Ջոն Հոփքինսի (Մերիլենդ նահանգ) բժշկության ֆակուլտետի պրոֆեսոր, դոկտոր Ուիլյամ Այզեքսը` հետազոտության մյուս համահեղինակը: Նա նշել է, որ նախորդ բոլոր հետազոտությունները հաջողությամբ չեն պսակվել:
Նույնիսկ եթե այս բացահայտումը շագանակագեղձի քաղցկեղի դեպքերի միայն մի մասին է վերաբերում, այնուամենայնիվ, նման բացահայտումը շատ կարեւոր տեղեկություն է պարունակում այլ տղամարդկանց մոտ այդ ուռուցքի զարգացման վերաբերյալ: Այդպիսով, նշված մուտանտ-գենը կարող է օգնել հայտնաբերելու մարդկանց , ովքեր պետք է վաղաժամկետ կամ լրացուցիչ հետազոտություններ անցնեն:



























