Շոտլանդիան Լոնդոնին հակառակ` անկախության համար հանրաքվե կանցկացնի 2014 թվականի աշնանը: Այս մասին հունվարի 11-ին հայտարարել է Շոտլանդական իշխող ազգային կուսակցության (SNP) առաջնորդ Ալեքս Սալմոնդը:

Ըստ նրա` մինչ այդ Շոտլանդիայի բնակիչները մտածված որոշում կկայացնեն: Նա նշել է նաեւ, որ Լոնդոնը պետք է դադարի Շոտլանդիայի քաղաքականությանը խառնվելուց, հաղորդում է BBC News-ը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն առաջարկել էր հանրաքվեն անցկացնել ավելի վաղ` 2013 թվականին: Ըստ Քեմերոնի` Շոտլանդիայի կարգավիճակի անորոշությունը մեծ վնաս է հասցնում երկրի տնտեսական շահերին:

«Իզվեստիան» գրում է, որ Սալմոնդի պատասխանից հետո պահպանողականները, լեյբորիստները եւ լիբերալ-դեմոկրատները համաձայնագիր են կնքել, որի նպատակը հնարավոր սահմանադրական ճգնաժամի կանխարգելումն է` կապված Շոտլանդիայի անկախության ձեռքբերման ծրագրերի հետ:

Բրիտանական կառավարությունը կարող է Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդին թույլատրել անկախություն ձեռք բերելու հանրաքվե անցկացնել  իր նախընտրած ժամկետներում` 2014թ., պայմանով, որ պատասխանի միայն «այո» եւ «ոչ» տարբերակներ են լինելու: Դրանով Սալմոնդին կստիպեն կրճատել երրորդ` ինքնավարության տարբերակը, որը հայտնի է իբրեւ devo max:

Չնայած որ Դեւիդ Քեմերոնի հայտնած  տեսակետը (ըստ որի` ճնշում գործադրելու փորձ է արվում հանրաքվեի պատրաստման գործընթացի ուղղությամբ) չեն ընդունում, լեյբորիստները եւ լիբերալները հայտարարել են Շոտլանդիայի առանձնացման գործընթացում հակազդելու իրենց պատրաստակամության մասին: