Չինաստանի Ուխան քաղաքում Foxconn ընկերության ավելի քան 150 աշխատակիցներ բարձրացել են տանիք եւ սպառնացել , որ զանգվածային ինքնասպանություն կիրականացնեն` այդպիսով բողոքելով Foxconn ընկերության ծրագրերի դեմ, ըստ որի` աշխատակիցների մի մասը պետք է փոխադրվի ուրիշ գործարան:
Foxconn-ը հայտարարել է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 2-ին եւ ամբողջովին պարզաբանվել գործարանի ղեկավարության եւ դժգոհ աշխատակիցների ներկայացուցիչների միջեւ կայացած բանակցությունների հետեւանքով:
Bloomberg գործկալությունը հաղորդում է,որ կատարվածից հետո 45 աշխատակիցներ դուրս են եկել աշխատանքից:
Foxconn ընկերությունում սա նմանատիպ առաջին դեպքը չէ: Եթե այս անգամ հաջողվել է խուսափել ողբերգությունից, ապա 2010 թվականին Չինաստանի Շենչժեն քաղաքում գտնվող Foxconn-ի գործարանում iPhone հավաքմամբ զբաղվող նվազագույնը 10 մարդ ինքնասպան են եղել: Ենթադրվում է, որ ինքնասպանության պատճառ են հանդիսացել Foxconn-ի արտադրամասերում աշխատանքի վատթար պայմանները:
Պատահարները բավականին աղմկահարույց են եղել, որից հետո ընկերությունն իր արտադրամասերում ինքնասպանությունները կանխարգելող հատուկ ցանցեր է տեղադրել, ինչպես նաեւ աշխատանքի է ընդունել հոգեբանների:



























