«Բազմազգ Վրաստան» կուսակցության նախագահ Առնոլդ Ստեփանյանը հույս չունի, թե հայկական Սուրբ Նշան եկեղեցու վերականգնման հետ կապված Վրաստանի կառավարությունը որեւէ միջոցառում կիրականացնի, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
«Թեեւ հայկական պատվիրակություն է ժամանել եւ Վրաստանի մշակույթի նախարարը լավ է ընդունել նրանց, ես կասկածում եմ, որ այդ ամենը արդյունք կունենա: Այսպես եղավ նաեւ այն ժամանակ, երբ քանդվեց Մուղնիի եկեղեցին: Ստեղծեցին հանձնաժողով, անցկացվեց տենդեր, սակայն ոչ մի աշխատանք չիրականացվեց: Վրաստանի մշակույթի նախարարությունը հայկական 6 եկեղեցիների հետ կապված որեւէ իրական քայլեր չի պատրաստվում կատարել»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է եկեղեցում բռնկված հրդեհի պատճառներին, Ստեփանյանը չի բացառում դրա պատահական լինելու վարկածը, քանի որ եկեղեցին փաստացի դուռ չունի եւ այն հիմնականում հարբեցողների կամ թմրամոլների ապաստարանի է վերածվել:
Հիշեցնենք, որ Սուրբ Նշան եկեղեցին, որը գտնվում է Թբիլիսիի կենտրոնական մասում, հունվարի 9-ին հրդեհ է բռնկվել: Հայաստանի մշակույթի նախարարության գնահատող խումբը Մշակութային պատմական հուշարձանների պահպանության ընկերության նախագահ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ հունվարի 11-ին Թբիլիսի է մեկնել հայկական «Սուրբ Նշան» եկեղեցում բռնկված հրդեհի մանրամասները պարզելու համար: Հայաստանի մշակույթի նախարարության մամլո քարտուղար Գայանե Դուրգարյանի խոսքով`գնահատող հանձնաժողովը Թբիլիսիում կուսումնասիրի կատարվածի մանրամասները եւ վրացական կողմի հետ կքննարկի համատեղ միջոցառումները:




























