«Մենք ականատես ենք լինում բռնապետություն հաստատելու բացահայտ փորձի»։ Այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, որն ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի բազմաթիվ քաղաքացիների հետ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի բակում։
Նշենք, որ դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։
«Մեր աչքի առաջ սոսկալի իրադարձություն է տեղի ունեցել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որը ՀՀ–ի հեղինակավոր, հարգարժան, մեծ վաստակ ունեցող քաղաքացի է։ Նա և՛ աշխատատեղեր է ստեղծել, և՛ բարեփոխումներ է արել, և՛ Արցախում մեծ ներդրումներ է արել։ Ընդ որում մենք տեսել ենք, որ այս մարդն ընդամենը խոսք է ասել եկեղեցու բակում։Ա յս խոսքի մեջ չկար բռնության, իշխանազավթման կոչ, որևէ ապօրինի բան չկար։ Մարդուն փորձում են կալանավորել միայն այդ խոսքի համար»,–հավելեց Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ համաձայն է Սամվել Կարապետյանի՝ ի աջակցություն եկեղեցուն արած հայտարարության հետ։
«Ես պատրաստ եմ սուրը ձեռքիս զոհվել Սուրբ էջմիածնի շեմին»,–ասաց Չալաբյանը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:
Նշենք, որ խոսքը Սամվել Կարապետյանի՝ NEWS.am-ին տված հարցազրույցի մասին է, որտեղ նա, մասնավորապես, հայտարարել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։
Այս գիշեր, ժամը 3-ի սահմաններում, Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ մեքենայով տեղափոխվեց ոստիկանական բաժին, իսկ հետո՝ Քննչական կոմիտե։
Վաղ առավոտյան էլ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ազատել է պաշտոնից։ Ազատման պատճառն, ըստ որոշ լուրերի, այն է, որ Աբազյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգն ու շոու չի արել Կարապետյանի տան մոտ։











