Հունվարի 12-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ գործնական եւ առեւտրային հարաբերություններ ունեցող երեք օտարերկրյա էներգետիկ ընկերությունների համար: Այդ ընկերություններն են չինական Zhuhai Zhenrong Corp-ը եւ Սինգապուրի Kuo Oil Pte Ltd-ն ու FAL Oil Company Ltd-ը:

Պետքարտուղարության գրությունում նշված է, որ երեք ընկերություններին կմերժվի ամերիկյան ներմուծման արտոնագրեր, ֆինանսավորում ԱՄՆ-ի Ներմուծման-արտահանման բանկի կողմից եւ 10 միլիոն դոլարը գերազանցող վարկավորում ամերիկյան ֆինանսական ինստիտուտների կողմից: Պատժամիջոցները տարածվում են ընկերությունների վրա եւ չեն վերաբերում երկրներին ու կառավարություններին:

Պետքարտուղարության քայլն ուղղված է Իրանի վարքը փոխելուն: Դիտորդների կարծիքով, այդ քայլով ԱՄՆ-ն լայնածավալ արշավ է սկսում Իրանի դեմ: ԱՄՆ-ն ու Արեւմտյան Եվրոպան փորձում են համոզել մյուս երկրներին եւ ընկերություններին կրճատել նավթի ներմուծումն Իրանից` այդ կերպ ստիպելով Թեհրանին հրաժարվել միջուկային ծրագրից, գրում է «Ինտերֆաքսը»: