Պատմության մեջ երբեք չի եղել և երբեք էլ չի լինի այնպիսի կառավարություն, որին օբյեկտիվորեն և սկզբունքորեն հնարավոր չլինի և պետք չլինի քննադատել։ Դա, ըստ էության ժանր է, որտեղ ընդդիմությունը քննադատում է իշխանությունը հակադարձում է, որը շատ կարևոր ժանր է հատկապես ժողովրդավարական երկրներում։ Այս մասին այսօր՝ մայիսի 19–ին, ԱԺ–ում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման եզրափակիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ չի ցանկանում դետալների մեջ մտնել և առանձին կետերով անդրադառնալ քննադատությանը։ Հիշեցնենք, որ մինչ այդ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը թվերով փաստեց, որ Նիկոլ փաշինյանի իշխանության օրոք Ժողովրդի ապրելակերպը ոչ միայն չի բարելավվել, այլ վատացել է։

«Երբ 2018 թվականի հունիսին ՀՀ վարչապետ ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես ՀՀ վարչապետ եմ պայմանականորեն, ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։ 2025 թվականի հունիսին ինձ համար անենաշատը հենց սա է փոխվել, ես արձանագրել եմ, որ Հայաստանի լիարժեք ու ամբողջական վարչապետ եմ»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ սա տեղի է ունեցել զոհվածների ու հայ ժողովրդի շնորհիվ։

«Մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ ՀՀ կառավարություն ենք, որ պետություն ենք։ Ես, այո՛, արձանագրում եմ, որ 2018-ին ու 2019-ին ես եղել եմ ֆորպոստի վարչապետ, իսկ 2020 թվականի նոյեմբերից հետո ես, թերևս, եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում ու, կարծում եմ, որ սա շրջադարձային կետ է եղել, երբ մենք մեզ հարց ենք տվել՝ ի վերջո, ի՞նչ ենք մենք ուզում, մենք գտնվել ենք վերջնական ֆորպոստացման գծի եզրին ու մենք հարց ենք տվել՝ ուզո՞ւմ ենք գիծը հատել, մենք որոշել ենք, որ չենք ուզում հատել ու սա այն կետն է, որտեղ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է տեղի ունենան ընտրություններ ու ժողովուրդը պետք է կայացնի որոշում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե 2022 թվականի հոկտեմբերի 6-ից է ինքը դարձել Հայաստանի առաջին ղեկավարը, ով ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը. «Ես գիտեմ էն օրը, երբ որ ես վերածվել եմ ՀՀ լիարժեք վարչապետի և այդ կետից սկսած մինչ օրս գործում եմ բացառապես այդ տրամաբանությամբ դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ որ ես դարձել եմ ՀՀ-ի առաջին ղեկավարը, ով ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը»։