Թուրքական դատարանը հեռակա կարգով մեղադրանք է ներկայացրել արքայազն Էնդրյուի նախկին կին, Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնին: Նրան սպառնում է 22,5 տարվա ազատազրկում:
Ֆերգյուսոնին մեղադրում են Անկարայի արվարձանում գտնվող մանկատանն անօրինական նկարահանումներ կատարելու եւ մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման մեջ: Դատական լսումների օրը դեռ չի որոշվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ֆերգյուսոնը թղթակցել է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հեռուստաալիքներին: 2008-ին Թուրքիա կատարած ուղեւորության ժամանակ Յորքի դքսուհին բրիտանական հեռուստահաղորդման համար նկարահանումներ է կատարել Անկարայի արվարձանում գնտվող մանկատանը: Ֆերգյուսոնի արած կադրերում հինգ երեխաներ կապված են մահճակալներին:
Էնդրյուն ու Սառա Ֆերգյուսոնը բաժանվել են 1996-ին, սակայն նա պահպանել է տիտղոսը: Նա կզրկվի տիտղոսից, եթե նորից ամուսնանա:



























