Մենք պահանջում ենք, Արմեն Աբազյանի վերադարձը ԱԱԾ, բայց փաստորեն դա անհնար բան է, որովհետև Նիկոլը մեկին հանում, մեկին դնում է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը։
Նշենք, որ երեկվանից անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան եւ գիշերն անցկացրել են այնտեղ։
«Քանի որ դա անհնար է, մենք պահանջում ենք ԱԱԾ տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանին, թող գա մեզ մոտ, ներկայանա, թող ասի՝ ես Աբազյանի գործը շարունակողն եմ, ես ձեր չեմ լքի, չեմ ցավացնի, հնարավորին ամեն ինչը կանեմ ձեր համար։ Ինչի Արմեն Աբազյանը կարող էր այդքան բան ասեր, ինքը չի կարողանո՞ւմ ասի։ Թե՞ ինքը Աբազյանից լավ տղա է, Աբազյանին դիմել ենք, գնացել ենք իր մոտ ԱԱԾ, խնդիր չի եղել, պրոբլեմ չի եղել, չի եղել, որ գնանք, Աբազյանը չընդունի։ Ընդունել է սիրով, ամեն ինչով հարգել, պատվել են, գոհ, շնորհակալ ենք եղել։
Սանամյանն էր եկել, ասում էր՝ ժամանակ է պետք, ինչքա՞ն սպասենք, 5 տարի սպասել ենք, էլի սպասե՞նք։ Ու՞մ համար երեխեքը գնացիք։ Ձեր համար չգնացի՞ն, որ այսօր աթոռներ գրկել, նստել եք։ Հեսա պատերազմը նորից կսկսվի, հեռու չի, հլը տեսնեմ այն ժամանակ ինչ պիտի անեն»,–ասաց նա։
Հայրը նշեց, որ որդին 10 տարի ռուսական ԱԴԾ–ում է ծառայել, հայ–թուրքական սահմանին է ծառայել. «35 տարեկան էր, որ գնաց, հիմա 40 տարեկան է։ Մենք կադրեր ունեցել ենք, թուրքերի 500 հոգանոց ջոկատը զինված պատրաստ սպասել է տղերքին, տարել գցել են ծուղակի մեջ։ Էջմիածնի քիմիկների զորամասի մասին է խոսքը։ Կադրեր էլ ունենք, վիդեոներ էլ ունենք, բոլորին էլ ուղարկել ենք, Ֆրանսիա էլ ենք ուղարկել։ Եթե քո երկրի ղեկավարը չի մտածում քո մասին, ուրիշի շատ էլ պե՞տք է, որ մտածի։ Ո՞վ ենք մենք եղել ռուսի համար, մինչև հիմա դավաճանում է մեզ։ Սաղ երկրի եղածը տվեցինք իրեն, ինքը դավաճանեց։ Ո՞ր պետության ձեռք գցես, որ օգնի քեզ, դա պիտի երկրի ղեկավարը մտածի»,– ընդգծեց անհետ կորածի հայրը՝ հավելելով, որ անընդհատ իրենց խբում են, ասում են՝ 2 ամիս էլ համբերեք, հետո էլի 3 ամիս։ «Որ ուզենան, կաշխատեն, կբերեն մեր երեխեքին»։











