Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի հարձակվել Իրանի վրա, ավիահարվածները կգլխավորի «Գորիլա» մականունով գեներալը։ Նման մականունով են ժամանակին կնքել Մերձավոր Արևելքի համար պատասխանատու ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) աշխատակցին՝ Մայքլ Կուրիլային։
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը լիակատար վստահություն ունի վճռական զինվորականի նկատմամբ, որն, ըստ որոշ տեղեկությունների, վայելում է նաև նախագահի ուշադրությունը հանդիպումների ժամանակ։ «Կուրիլան» արդեն իսկ ամրապնդել է ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում՝ ուղարկելով լրացուցիչ նավատորմ՝ USS Nimitz ավիակիրի գլխավորությամբ, ինչպես նաև տեղակայելով լրացուցիչ F-22, F-35 և F-16 կործանիչներ և ռմբակոծիչներ։ Նրան հաջողվեց առաջ մղել որոշումը՝ չնայած ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի նախագահ Դեն Քեյնի ավելի զգուշավոր մոտեցմանը, գրում է Politico-ն։
Գեներալ Կուրիլան փորձ ունի Իրաքի, Աֆղանստանի և Սիրիայի պատերազմներում։ 2005 թվականին նա մասնակցել է Մոսուլի (Իրաք) վրա հարձակմանը, երեք անգամ վիրավորվել է, բայց շարունակել է կռվել, գրում է գերմանական Bild պարբերականը։ Կուրիլան արժանացել է մի քանի «Բրոնզե աստղ» մեդալների՝ քաջության համար։ Գեներալը քաջ ծանոթ է Մերձավոր Արևելքի իրավիճակին և ըմբռնում է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը։





























