NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է  «The Commentator»-ում հրապարակված Զիա Մերելի հոդվածը.

«Լուրը, թե Իրանի ներքին գործերի նախարար Մուստաֆա Մոհամադ Նաջարը հունվարի կեսերին այցելելու է Հայաստան,  որոշների համար անակնկալ կարող է լինել: Հատկապես որ Իրանը միշտ էլ հայ համայնքի, Հայաստանի հետ կապերը դիտարկել է որպես կարեւոր ակտիվ:

Այսօր հայերն Իրանում օգտվում են առավել մեծ բարեհաճությունից եւ Իրանի  բոլոր ոչ մահմեդական համայքների շարքում հարաբերականորեն արտոնյալներից են: Տարբեր տվյալներով` Իրանում կան 300 հազ. բահաիստներ, 110 հազ. ուղղափառ հայեր, 13 հազ. ասորի, հույն եւ հայ կաթոլիկներ, ինչպես նաեւ 10 հազ. հույն եւ ասորի ուղղափառ քրիստոնյաներ:

Հայերին թույլատրված է  հնարավորինս անձեռնմխելի ապրել...Նրանք ունեն դավանանքի ազատություն,  դպրոցներ իրենց երեխաների համար, եւ, մեծ հաշվով, կոշտ ռեժիմի զոհ չեն դարձել: Նրանք նաեւ երկու տեղ ունեն իրանական խորհրդարանում:

Այնուամենայնիվ, դա չի նշանակում , թե նրանց կյանքն արեւային զբոսանք է ծառուղով: Տարիներ շարունակ հայկական ակումբներում ռեյդեր էին անցկացվում, հայ գործարարներն ու ընտանիքները սպառնալքիներ էին ստանում ոստիկանության ու «Բասիջի» անդամների կողմից:  Հայկական դպրոցներում նրանք իրավունք չունեն համապատասխան մակարդակով ուսանել հայերեն,  հայ մշակույթ ու պատմություն, դպրոցներում աշխատում են մահմեդական տնօրեններ եւ աշխատակիցներ:

Հայերին օգնությունը դիտարկվում է որպես հասարակական դիվանագիտության գործիք: Ահմադինեժադը պարբերաբար օգտագործում է նրանց բարեկեցությունը` իրեն բարեհաճ եւ հանդուրժող առաջնորդի կերպար ապահովելու համար:

Իրանում հայերի նկատմամբ լավ վերաբերմունքը դռներ է բացում նաեւ նրանց հայրենիքի հետ տնտեսական փոխգործակցության համար: Կախված նրանից, թե ինչպես են Իրանի նկատմամբ պատժամիջոցները վնասում երկիրը, Իրանը  հուսահատ իր ապրանքի համար շուկաներ է փնտրում, եւ ամենակարեւորը, այնպիսիք, որոնք կարող են համապատասխան ապրանքներ ուղարկել եւ միջնորդ լինել որոշ` ոչ այնքան ազնիվ ֆինանսական գործարքներում:

Հայաստանն էլ տառապում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շրջափակումից, ուղիներ է փնտրում` վրացական սահմանից ամբողջությամբ կախված չլինելու համար:

Այնպես որ, երբ Իրանի նախարարը ժամանի Երեւան,  նրան կդիմավորեն զգույշ, բայց ջերմ: Խաղաքարտին ավելի քան 100 հազ. հայրենակիցների կյանքն է, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական պահանջմունքները:

Իրանն էլ սիրում է հանդես գալ իբրեւ ուժեղ եւ հզոր բարեգործ: Իրականում նա խոցելի է եւ կարիք ունի ցանկացած բարեկամության»: