Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Իրանի արևմուտքում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորգետնյա օբյեկտին։ Դրա մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի (ՑԱԽԱԼ) թելեգրամյան ալիքը։

Ըստ հայտարարության՝ հարվածները հասցվել են մի քանի թիրախների, այդ թվում՝ ստորգետնյա ռազմական օբյեկտի, որտեղ ԻՀՊԿ-ն պահում էր հրթիռներ և արձակման կայաններ։ Բացի դրանից, իսրայելական ուժերը ոչնչացրել են հրթիռային համակարգ, որը, ենթադրաբար, նախատեսված էր իսրայելական ինքնաթիռներին հարվածելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը մտադիր է մոտ ապագայում ավարտել Իրանի դեմ գործողությունը։ Ըստ լրատամիջոցների հաղորդագրությունների՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հաջող հարվածներից հետո Վաշինգտոնն իր արաբ գործընկերներին տեղեկացրել է Իսրայելի՝ ռազմական գործողությունները հնարավորինս շուտ դադարեցնելու ցանկության մասին և այդ ուղերձը փոխանցել Թեհրանին։