Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Կուբանի» կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Մարկոս Պինյերո Պիզելին, որը հանդես էր գալիս Դոնեցկի «Մետալուրգում»: Խաղացողն արդեն ժամանել է Կրասնոդար եւ խորացված բուժզննումից հետո թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր, հաղորդում է «Կուբանի» պաշտոնական կայքը:

Մարկոս Պինյերո Պիզելին ծնվել է 1984թ. հոկտեմբերի 3-ին Բրազիլիայում: Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է բրազիլական «Սան Կարլոս» ակումբում: 2006-ին նա տեղափոխվել է Երեւանի «Արարատ», որի կազմում երեք տարում անցկացրել է 79 հանդիպում եւ խփել 44 գնդակ: 2008-ին Պիզելին տեղափոխվեց Ֆրանսիայի առաջնության 5-րդ դիվիզիոնում հանդես եկած համանուն թիմը: 2009-ին «Արարատի» հետ պայմանագրի լրանալուց հետո Պիզելին տեղափոխվեց «Փյունիկ» (49 հանդիպում, 31 գոլ), որտեղից էլ 2011թ. ամռանը` Դոնեցկի «Մետալուրգ»: Ուկրաինայի ընթացիկ առաջնության առաջին հատվածում Պիզելին 18 խաղում խփել է 4 գնդակ:

2008-ից Մարկոս Պիզելին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 18 հանդիպում եւ խփել է 5 գնդակ, դրանցից մեկը` Ռուսաստանի հավաքականի դարպասը: Պիզելին երեք անգամ (2007, 2008, 2010) դարձել է Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու, երկուական անգամ (2009, 2010) Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր (2008, 2010):

«Մարկոս Պիզելին միջազգային փորձ ունեցող բարձրակարգ խաղացող է եւ կուժեղացնի մեր հարձակողական ներուժը: Նա կարող է խաղալ եւ ռմբարկուի, եւ հարձակողական կիսապաշտպանի դիրքում: Մարզիչ Դան Պետրեսկուն Պիզելիին նկատել է Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականների խաղում եւ հատուկ մեկնել էր Սանկտ Պետերբուրգ: Մենք երկար ենք հետեւել այդ հարձակվողի խաղին, որպեսզի վստահ լինենք, որ նա համապատասխանում է «Կուբանի» խաղային մոդելին»,- ակումբի մամուլի ծառայությանն ասել է «Կուբանի» սպորտային տնօրեն Սերգեյ Դորոնչենկոն: