Մի խումբ ռուս հասարակական գործիչներ հանդես են եկել բաց նամակով` ուղղված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այդ մասին հաղորդում է «Երկրամաս» թերթը:
Նամակում զարմանք է արտահայտվում Էրդողանի արձագանքի հարցում, կապված Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից ընդունված օրենքի կապակցությամբ: Խոսքը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին է: «Դուք այդ օրենսդրական ակտը գնահատել եք որպես «թուրքատյացության եւ հակամահմեդական տրամադրությունների» արտահայտություն: Դժվար չէ հասկանալ, որ այդ գնահատականի ներքո քաղաքական ենթատեքստ կա: Մենք դա համարում ենք անշնորհակալ եւ նույնիսկ ռիսկային առաքելություն, որը օգուտ չի բերի թուրք ժողովրդին»,-նշված է նամակում:
Ինչպես նշում են նամակի հեղինակները, եթե ֆրանսիացի խորհրդականներն օրենքի ընդունման ժամանակ ուղղորդվեին թուրքատյացությամբ, ապա ակնհայտ է, որ այն ուղղված է բացառապես էթնիկ թուրքերի դեմ ու այս կամ այն կերպ պատասխանատվություն կվերագրեր թուրք ժողովրդի վրա: Որեւէ կապ չի հաստատվում Օսմանյան կայսրության տարածքում կատարված հանցագործության եւ դրանում թուրք ժողովրդի մասնակցության միջեւ: Ժամանակակից պատմության մեջ չեն եղել օրինակներ, երբ որեւէ երկրի տարածքում հանցագործության համար բարոյական կամ ֆիզիկական մեղավորությունը ընկներ այդտեղ ապրող ժողովրդի վրա: Դրա օրինակներից է Գերմանիան: Ոչ ոք Հիտլերի կատարած հանցագործության մեջ չի մեղադրում գերմանացիներին ոչ քաղաքական ոչ էլ մարդկային առումով»,-նշում են նամակի հեղինակները:
Արդյոք ունե՞ք հիմքեր նույնականացնել այսպես կոչված «երիտթուրքերի» կուսակցությանը, որը կազմակերպել էր Օսմանյան կայսրությունում հայկական բնակչության ցեղասպանությունը, թուրք ժողովրդի հետ: Լուրջ պատմաբանների կարծիքով` ոչ մի: «Երիտթուրքերը» հենվում էին բնակչության մարգինալ խմբերի վրա: Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ Թուրքիայում հեղափոխությունները ցույց են տալիս, որ այն պայմաններում, երբ փլուզվում է հին կարգը, ինչ-որ ժամանակահատվածում տիրում է անօրենությունը, պատմական բեմ են դուրս գալիս դաժան ֆանատիկ ծայրահեղականններ եւ ահաբեկիչներ, որոնք զուրկ են ազգային գիտակցությունից, բայց ունեն թալանելու ու սպանելու ծարավ: Հենց այդպիսին էին նրանք, ովքեր սրբապղծորեն յուրացրել են «երիտթուրքեր» անվանումը:
Փորձելով խաբել զանգվածներին` նրանք քողարկվում էին Իսլամի եւ պանթյուրքիզմի կարգախոսներով, բայց իրականում հիմնում էին գիշատիչ կարգ, փլուզելով երկրի արտադրական ուժերը, ոչնչացնելով աշխատունակ բնակությանը, այդ թվում նաեւ հայերին, հույներին, ասորիներին եւ ուրիշներին, ում նրանք դիտարկում էին որպես մրցակիցներ:
Իսկական թուրքերը, լինեն դա սովորական մարդիկ կամ պաշտոնյաներ, ջանում էին օգնել բռնության զոհերին: Իսկ եթե խոսենք բոլոր մուսուլմանների մասին, ապա հայ փախստականներին եղբայրաբար ընդունել են Սիրիայի, Լիբանանի, Իրանի եւ շաը այլ իսլամական պետությունների ժողովուրդներ: Իսկ որքան իսլամական հոգեւորականներ դատապարտել են երիտթուրքերի հանցանքները: Ձեր հայտարարությունը գիտակցված կամ չգիտակցված փաստացի բարդում է երիտթուրքերի հանցանքների մեղքը բոլոր թուրքերի եւ մուսուլմանների վրա: Ու հենց այդ հայտարարությունը հրահրում է միջազգային եւ միջկրոնական բախումներ, թույլ է տալիս ներկայացնել Ձեզ ոչ թե որպես իսլամական առաջնորդ, այլ որպես թուրքատյաց եւ հակաիսլամիստ»,- նշում են նամակի հեղինակները:
«Դուք մեղադրում եք Ֆրանսիայի ղեկավարությանը ալժիրցիների ցեղասպանության մեջ: Սակայն ֆրանսիական կառավարությունն իր մեջ քաջություն գտավ ճանաչելու այդ երկրի անկախությունը: Ֆրանսիան չի ոչնչացրել եւ չի արտաքսել ալժիրցիներին իրենց հողից, ինչպես վարվել են հայկական բնակչության հետ երիտթուրքերը, չտալով նրանց նույնիսկ ինքնավարարություն: Շատ ֆրանսիացիներ, որոնք երկար տարիներ հաստատվել էին Ալժիրում, հեռացել են իրենց համար հարազատ դարձած վայրերից; Եւ այսօր, Ալժիրից հեռացած արաբները խաղաղ ապրում են Ֆրանսիայում: Դուք շարունակում եք ցեղասպանությունը չճանաչելու գիծը, որը հիմնադրել է Մուսթաֆա Քեմալը, որի գործունեությունը տապալիչ հարված հասցրեց Իսլամին Թուրքիայում: Համոզված ենք, որ իրական մարդասիրական Իսլամը կհաղթանակի Թուրքիայում միայն Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում: Քանզի ասված է քադիսում` «խիղճը հավատքի մասն է»,- ընդգծված է նամակում:
Բաց նամակը ստորագրել են` Ռուսաստանի վաստակավոր շինարար Վարդգես Արծրունին, սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը, ԽՍՀՄ ազգային դերասան Արմեն Ջիգարխանյանը, Պատմական հեռանկար հիմնադրամի նախագահ, Փարիզի Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի ղեկավար Նատալիա Նարոչինսկայան, «Ռուսկիյ Վեստնիկ» թերթի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Սենինը, Ռուսաստանի ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր- Գրիգորյանցը, Մոսկվայում ԼՂՀ լիազոր ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, Բժշկակակն գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը, Սեւծովյան- Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների հասարակական ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը, «Ռուս- հայկական համագործակցություն» կազմակերպության նախագայ Յուրի Նավոյանը, գրող Անատոլի Վասլիենկոն, գրող Աշոտ Սահրադյանը, քաղաքագետ Արսեն Մելիք- Շահնազարովը եւ ուրիշներ:



























