Մոսկվայի դատարանն այսօր` հունվարի 13-ին, կալանքի որոշում է կայացրել Մոսկվայի իտալական Il Pittore ռեստորանի սեփկանատեր Սուրեն Մկրտչյանի նկատմամբ, ով «Կասաբելլա» ընկերության տնօրենն է: Հիշեցնենք, որ Մոսկվայի իտալական Il Pittore ռեստորանում պայթյուն էր որոտացել հունվարի 9-ին:

Դատավոր Տատյանա Զախարովան բավարարել է նրան երկու ամսով կալանելու միջնորդությունը, հաղորդում է rapsinews գործակալության թղթակիցը դատարանի դահլիճից:

Հիշեցնենք, որ Սուրեն Մկրտչյանը ձերբակալվել է հունվարի 12-ին: Իտալական ռեստորանում պայթյունի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով, որոնց թվում է նաեւ անփութությամբ մահվան պատճառ դառնալը, որը նախատեսում է մինչեւ 4 տարվա ազատազրկում:

Քննությունը համարում է, որ ձերբակալվածն ազդեցության լծակներ ուներ ռեստորանի աշխատակիցների նկատմամբ, ովքեր գործով կարող են վկաներ լինել: Քննիչների տեղեկատվությամբ, ռեստորանի մահացած աշխատակիցները պաշտոնապես գրանցված չեն եղել, ինչը օրենսդրության խախտում է:

Դատարանում Մկրտչյանը նշել է, որ ցանկանում է ազատության մեջ մնալ, որպեսզի կարողանա ֆինանսապես ու նյութապես օգնել պայթյունից տուժածներին: Նրա պաշտպանները հիշեցրել են, որ ինքը` գործարարը գլխի վնասվածքներ է ստացել միջադեպի ժամանակ, սակայն բժիշկներին չի դիմել, նախընտրելով օգնություն ցուցաբերել տուժածներին:

Սուրեն Մկրտչյանն առաջարկել է իրեն տնային կալանքի ենթարկել կամ գրավով ազատ արձակել:

Նրա պաշտպան Արման Ջարաքյանը նշել է, որ իր պաշտպանյալը պատրաստ է բանկից վարկ վերցնել, որպեսզի շարունակի օգնություն տրամադրել պայթյունից տուժածներին:

Հիշեցնենք, որ իտալական  Il Pittore ռեստորանում, հունվարի 9-ին տեղի ունեցած պայթյունի, ապա հրդեհի հետեւանքով մահացել է 3, վիրավորվել 38 մարդ: