Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն այսօր` հունվարի 13-ին, ընդունել է բրիտանական ոչ կառավարական   The HALLO TRUST կազմակերպության ղարաբաղյան գրասենյակի ղեկավար Նիկ Սմարթին:

Նիկ Սմարթը հաղորդել է, որ արտաքին քաղաքական գերատեսչություն իր այս այցելությունը կրում է ճանաչողական բնույթ: Նա ներկայացրել է կազմակերպության 2012 թ. ծրագիրը, նշելով, որ կգործադրվեն բոլոր ջանքերը` շարունակելու եւ զարգացնելու The HALLO TRUST-ի եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ  հաստատված համագործակցության ավանդույթները:           

Զրույցի ընթացքում Վասիլի Աթաջանյանն ընդգծել եւ կարեւորել է The HALLO TRUST-ի գործունեությունը ԼՂՀ տարածքի  մարդասիրական ականազերծման ուղղությամբ, վստահեցրել, որ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն այսուհետ եւս աջակցություն է ցուցաբերելու կազմակերպության գործունեությանը:

Հանդիպման մասնակիցները նշել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը: