ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Politico-ի հարցազրույցում հայտնել է, որ Միացյալ Նահանգներն առայժմ լրացուցիչ պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի նկատմամբ եւ դեռեւս ցանկանում է հնարավորություն ունենալ բանակցելու խաղաղության համաձայնագրի շուրջ։
«Եթե մենք անեինք այն, ինչ այստեղ բոլորը ցանկանում են, այսինքն՝ գայինք եւ նոր պատժամիջոցներ կիրառեինք նրանց նկատմամբ, մենք, հավանաբար, կկորցնեինք նրանց հետ հրադադարի մասին խոսելու հնարավորությունը, եւ այդ դեպքում ո՞վ կխոսի նրանց հետ»,- ասել է Ռուբիոն Politico-ին ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում։
ԱՄՆ պետքարտուղարն ավելացրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «կընտրի ճիշտ ժամանակն ու տեղը» Ռուսաստանի դեմ նոր տնտեսական միջոցներ ձեռնարկելու համար, եւ որ վարչակազմը համագործակցում է Կոնգրեսի հետ՝ ապահովելու համար, որ նրանք Թրամփին տան անհրաժեշտ ճկունությունը, հաղորդել է Politico-ն։
«Եթե մենք իրավիճակը փոխելու եւ (Ռուսաստանին) բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու հնարավորություն ունենանք, մենք կօգտվենք դրանից»,- ասել է Ռուբիոն։





























