Ռուսաստանի Պրեմյեր լիգան ներկայացնող «Կուբանի» նորեկ Մարկոս Պիզելին ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու առաջարկն ընդունել է, քանի որ շատ բարդ է տեղ գտնել Բրազիլիայի հավաքականում, իսկ Հայաստանում ինքն արդեն յուրային է իրեն զգում:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ու գլխավոր մարզիչն ինձ առաջարկեցին խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Ես համաձայնեցի, քանի որ հասկանում էի, որ ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի կազմում շատ բարդ է եւ Հայաստանի թիմում հանդես գալով` ես կարող եմ հաջողությունների հասնել կարիերայում»,- ասել է Պիզելին:
Ֆրանսիայի 5-րդ դիվիզիոնում հանդես եկած «Արարատից» «Փյունիկ» տեղափոխվելու որոշման վերաբերյալ Պիզելին նշել է. «Պատճառներից մեկն այն էր, որ ես ինձ Հայաստանում արդեն յուրային էի զգում: Ես գիտեմ լեզուն, հասկանում էի առաջնության պահանջները, ունեմ ընկերներ: Բացի այդ հրաշալի հնարավորություն էր վերադառնալ հավաքական: Արդյունքում` ստացվեց լավ դրսեւորվել»:
Ուկրաինայից Ռուսաստանի առաջնություն տեղափոխվելը Պիզելին համարում է հսկայական քայլ առաջ. «Ռուսաստանի առաջնությունը ուժեղագույններից մեկն է Եվրոպայում, իսկ «Կուբանը» Պրեմյեր լիգայի լավագույն թիմերից մեկն է, որն առաջին ութնյակում է: Ինձ սպասվում է շատ լուրջ մակարդակի խաղ»:
Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի մասին Պիզելին ասել է, որ շատ հետաքրքիր պայքար էր, իսկ ինտրիգը պահպանվում էր մինչեւ վերջին տուրը: «Առաջին հերթին նշեմ իմ թիմի հաջողությունը: Նախկինում երբեւէ Հայաստանը չէր ունեցել եզրափակիչ մրցաշար մտնելու հնարավորություն: Բայց այժմ մեր թիմը անվանական հետնապահ չէ: Մենք զգալիորեն ավելացրել ենք բոլոր բաղադրիչներում: Արդեն արդյունք կա: Զարգացումն ընթանում է ոչ միայն խաղային, այլ նաեւ հոգեբանական հարթությունում: Դրա վկայությունն է նաեւ այն, որ հյուրընկալվելիս պարտվել ենք միայն երկու խաղում` Ռուսաստանին եւ Իռլանդիային: Հենց այդ թիմերն էլ կմասնակցեն Եվրո-2012-ին: Ես ուրախ եմ, որ Հայաստանն առաջադիմում է` եւ ոչ առանց իմ մասնակցության»,- ամփոփել է Պիզելին:



























