Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Խորհրդային հետախույզ Գեւորգ Վարդանյանի մահվան կապակցությամբ:
Հեռագրում նշվում է.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի անունից հայտնում եմ խորին ցավակցություն եւ անկեղծ զորակցություն Գեւորգ Անդրեյի Վարդանյանի մահվան կապակցությամբ:
Մեր ժողովուրդը կորցրեց իր ականավոր զավակներից մեկին, ում գործունեությունը դեռ երկար տարիներ կմնա որպես Հայրենիքը սիրելու եւ Հայրենիքին ծառայելու օրինակ:
Գեւորգ Վարդանյանը նշանակալի ներդրում ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմական հետախուզության ստեղծման գործում, եւ լեգենդար հետախույզի կերպարը ընդմիշտ կմնա մեր սրտերում:
Փոխանցում ենք մեր անկեղծ ցավակցությունները Գեւորգ Անդրեյի Վարդանյանի հարազատներին եւ մտերիմներին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ հունվարի 10-ին, Մոսկվայում, 87 տարեկան հասակում, մահացել է լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գեւորգ Վարդանյանը:



























