Երևի (իշխանությունները) ինչ-որ վախեր ունեն». այսպես է այսօր Նաթան սրբազանը մեկնաբանել Բագրատ սրբազանի ձերբակալությունը: Այդ մասին ասված է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի Ֆեյսբուքի էջում:
«Այո, Գերաշնորհ Տեր, իրոք որ, վախեր ունեինք: Վախենում էինք, որ ձերոնք յուղը կօրհնեին, հետո կլցնեին քաղաքացիների ավտոմեքենաների վրա, կվառեին, հետո մարդկանց կգյուլլեին:
Իսկ հիմա էլ վախեր չունենք, որովհետև սրբապիղծների հեղաշրջումը կանխված է: Ձեզ էլ խորհուրդ կտամ այսուհետ 10 անգամ մտածել խոսելուց առաջ: Դուք, ի տարբերություն Աջապահյանի, դրան ունակ եք»,- նշված է գրառման մեջ:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել Բագրատ Սրբազանին։
Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։
Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։
Իսկ նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել. «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:





























