Սպիտակ տունը հերքում է մեղադրանքները, թե մտադիր է փոխել Իրանի ռեժիմը: Հունվարի 13-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղված է պատժամիջոցների եւ Թեհրանի մեկուսացման միջոցով Իրանի վարքի փոփոխմանը, այլ ոչ թե իրանական ռեժիմի տապալմանը»:

Ռոդսը նշել է, որ նախագահ Օբաման պատրաստ է բանակցել Իրանի հետ, սակայն կարծում է, որ հարաբերությունների նորմալացման համար հաջորդ քայլը պետք է անի Թեհրանը: ԱՄՆ-ն ձգտում է խստացնել պատժամիջոցները Թեհրանի դեմ, բայց ցանկանում է նաեւ տեղ թողնել Իրանին քաղաքականությունը փոխելու համար:

Ռոդսի խոսքով, քայլեր են ձեռնարկվում իրանական նավթի արտահանումը կրճատելու կամ սառեցնելու ուղղությամբ: Իրանի տարեկան եկամուտը նավթի արտահանումից կազմում է 100 միլիարդ դոլար: Պատժամիջոցները լուրջ ազդեցություն են ունենում Իրանի տնտեսության վրա:

ԱՄՆ-ի կարծիքով, Թեհրանի հիմնախնդիրները կարող են արագացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումը: Վաշինգտոնն Ասադին համարում է Իրանի առանցքային դաշնակիցը տարածաշրջանում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարեց, որ Իրանի դեմ լրացուցիչ պատժամիոցներն ու հնարավոր ռազմական հարվածը միջազգային հանրությունը կընդունի որպես Իրանի ռեժիմի փոփոխման փորձ: