Այս պահին մեծ թվով դիմակավորված ԱԱԾ–ականներ են հավաքվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջնորդանիստ եկեղեցու մոտ, նրանք այստեղ գործողություններ են իրականացնում։ Հավանական է, որ նրանք եկել են, որպեսզի ձերբակալեն Շիրակի թեմի առաջնոևրդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Վերջինս այստեղ է եկել մասնակցելու Քահանայից ժողովին։

Նշենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք  ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան:

Փաստաբան Արա Զոհրաբյանը Շիարկի թեմի առաջնորդարանի դիմաց ընթերցել է Քննչական կոմիտե քննիչի որոշումը՝ ձերբակալելու Միքայել Սրբազանին։ Նա ընդգծեց, որ որպես առիթ նշված է 2024 թվականի փետրվարի 3–ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել Սրբազանի խոսքերը, իբրև իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։

Արա Զոհրաբյանը նշեց, որ ՔԿ-ն միջնորդելու է, որ կալանավորեն Սրբազան հորը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։