Վերջին օրերին այս իշխանությունների բարձրացրած վայնասունը խոսում էր այն փաստի մասին, որ ոչ միայն խոսքով, ֆեյսբուքով են հարձակվելու Մայր Աթոռի ու հոգեւորականների վրա, այլ նաեւ գործնականում։ Այս մասին Մայր Աթոռի դիմաց NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Երեկ Բագրատ Սրբազանի ձերբակալությունից հետո հասկանալի էր, որ այսպես հատիկ–հատիկ նրանք գնալու են։

Այսօր շատ հաճախ հիշում եմ Սուրենյանցի՝ Խրիմյան Հայրիկի գեղանկարը, որ հիմա Պատկերասրահում է, գետնին ծրար է նետված։ Դա հայտնի պատմություն է, 1903 թվականին Հայ առաքելական եկեղեցու վանքապատկան գույքերի առգրավման ցարական հրովարտակն էր, որը գետին նետվեց, մերժվեց եկեղեցու կողմից եւ հայ ժողովուրդը կանգնեց Մայր աթոռի կողքը, ամբողջ Կովկասոցվ պատերազմական իրավիճակ էր։ Նույնիսկ Արեւմտյան Հայաստանից դաշնակցական խմբեր գալիս էին զորակցելու Մայր աթոռին։ Ի վերջո, ժողովուրդը հաղթանակ տարավ։ Այսօր 1-2 ժամվա մեջ հազարավոր մեր հայրենակիցներ, որ հավաքվել են Մայր աթոռում, եւ որի արդյունքում ոստիկանները, ԱԱԾ ծառայողները ստիպված դուրս եկան Մայր աթոռի տարածքից, արդեն խոսուն փաստ է»,–ասաց նա։

Գեղամ Մանուկյանը այսօր Մայր Աթոռի մոտ տեղի ունեցածը համեմատեց Սարդարապատի հետ եւ նշեց, որ Սարդարապատը միշտ հաղթանակով է ավարտվում. «Սրանք սրբություն չունեն։ Սրանք իրականում թշնամական, օկուպացիոն ռեժիմ են, իսկ թշնամին ամեն ինչի պատրաստ է։ Իշխանությունը սա չի մարսելու, Մայր Աթոռը չի ընկնելու եւ հավատացյալ հայ ժողովուրդը հաղթելու է»։

Նշենք, որ Մայր Աթոռի մոտ իրավիճակը լարված է, ԱԱԾ–ի եւ ոստիկանության ուժերը, այդ թվում կարմիրբերետավորներն ու հատուկջոկատայինները, այստեղ են, որպեսզի բերման ենթարկեն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Վերջինս սկզբում հայտարարեց, որ կգնա ԱԱԾ–ականների հետ, սակայն հավաքվածները թույլ չտվեցին։ Արդյունքում Միքայել Սրբազանը, Գարեգին Բ կաթողիկոսի հետ միասին վերադարձան եւ հիմա վեհարանում են։

Իրավապահները մեծ ուժեր են կենտրոնացրել Մայր Աթոռի բակում։ Քիչ առաջ այստեղ ժամանեցին նաեւ հատուկջոկատայինները։

Ավելի ուշ ԱԱԾ–ն հայտարարություն տարածեց, որ իրավիճակը չլարելու նպատակով իրենք որոշել են դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։