«Ես բնավ չեմ բացառի, որ եղել են իրավապահներ, որոնք հրաժարվել են կատարել հրամանները։ Ես համոզված եմ, որ իրավապահների մեջ էլ կան մարդիկ, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են, և ունեն կարմիր գծեր, որոնք չեն հատի»։ Այս մասին Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Միքայել Սրբազանին բերման ենթարկելու համար հարյուրավոր ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ ու հատուկջոկատայիններ էին ժամանել Մայր Աթոռ, և բռնություն էին կիրառում հոգևորականների ու քաղաքացիների նկատմամբ, Արամ Վարդևանյանն ասաց.
«Որքանով հաղորդագրություններից եմ հասկացել՝ խոսքը գնում է ենթադրյալ միջին ծանրության հանցանքի մասին. միջին ծանրության հանցանքի դեպքերով նույնիսկ մեկ ոստիկան հնարավոր է չի գնում անձին բերման ենթարկելու։ Այս դեպքում հազարավոր իրավապահների ենք տեսնում, որոնք պիտի ինտենսիվ հարկադրանքի միջոցներ ձեռնարկեն ենթադրյալ միջին ծանրության հանցանքի հետ կապված։ Ենթադրյալ հանցանքը խոսքի ազատության մասին է։ Համարենք՝ խոսքի ազատությունը լինում է ցնցող, սուր։ Եվրոպական դատարանի նախադեպային ողջ իրավունքը մեզ հուշում է, որ դա թույլատրելի է։ Եթե ընտրում ես ժողովրդավարության ճանապարհը, ապա խոսքի ազատությունն ամենակարևոր արժեքն է։ Եթե ընտրում ես բռնապետության ճանապարհը, ապա խոսքի ազատությունը, եթե իրացվում է սուր ձևով, պետք է երևի այսպես Վեհարանում ականատեսը լինենք հազարավոր իրավապահների»,–հավելեց փաստաբանը՝ նշելով, որ թեև Հայաստանը փորձում է գնալ դեպի ԵՄ, ԵՄ որևէ երկրում նման բան տեղի ունենալ չէր կարող։





























