Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, հունվարի 11-ին, մասնակցել է Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպվող ավանդական ամանօրյա բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արարողության ընթացքում դեսպանը բարեմաղթանքներ է փոխանակել Շվեյցարիայի համադաշնության նորընտիր նախագահ Էվելին Վիդմեր Շլումպֆի եւ արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերի հետ` ցանկանալով հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք, երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական կապերի եւ համագործակցության հետագա զարգացում:
Նույն օրը դեսպան Ազնավուրն աշխատանքային հանդիպում է ունեցել հայ-շվեյցարական բարեկամական խորհրդարանական խմբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական մակարդակով երկու երկրների միջեւ համագործակցության ուղղությունները, փոխադարձ այցելությունների հնարավորությունը: Դեսպան Ազնավուրը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի միջեւ ձեւավորված փոխգործակցության բարձր մակարդակը, այդ թվում նաեւ հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությունը:



























