Մենք տեսնում ենք իրանական հասարակության համախմբումը եւ տրամադրության փոփոխությունն իրանական Ադրբեջանում, քանի որ այնտեղ մարդիկ բացահայտորեն արտահայտում են իրենց հիասթափությունը եւ վիրավորանքը հետխորհրդային Ադրբեջանից։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտնել է հաղորդման հյուրը՝ արեւելագետ, Իրանի գծով մասնագետ Կարինե Գեւորգյանը։

Նա նշել է, որ իրենք՝ էթնիկ ադրբեջանցիներն են բացատրում այդ հիասթափությունը։

Փորձագետը նշել է, որ Ադրբեջանի աջակցությունն Իսրայելին աննախադեպ էր։ «Մենք նման բան չենք տեսել Թուրքիայում: Հիմա Էրդողանը հերքում է, որ ինքը օդային միջանցքներ է տրամադրել իսրայելական F-35-ներին: Սա նշանակում է, որ նա դրանք տրամադրել է ավելի վաղ, եւ այդ ինքնաթիռները գտնվել են Ադրբեջանի տարածքում, քանի որ Թավրիզի եւ իրանական Ադրբեջանի հրետակոծությունները շատ ինտենսիվ էին: Միտք է ծագում. արդյո՞ք Ադրբեջանը դառնում է Իսրայելի գաղութ։ Նույն միտքն է ի հայտ գալիս, համենայն դեպս, Թուրքիայի վերլուծաբանների շրջանում»,- ընդգծել է Գեւորգյանը։ Նա նշել է, որ այն վայրերում, որտեղ բնակչության խտությունը շատ ցածր է, Ադրբեջանը միանգամից երկու օդանավակայան է բացել, իսկ այն վայրերում, որտեղ բնակվում է բնակչության մեծամասնությունը, կա ընդամենը չորս նման օդանավակայան։ Առաջին դեպքում կառուցվել են շատ լավ թռիչքուղիներ։

Իրանցիները պնդում են, որ այս ամբողջ տարածքն Իսրայելի ռազմական օբյեկտներ են։ Դատելով այն փաստից, որ հենց այնտեղից են ինքնաթիռները թռել դեպի իրանական Ադրբեջան, նրանք, հավանաբար, ճիշտ են։

Իրանի համապատասխան կառավարական կառույցները եւ նույնիսկ ԻԻՀ խորհրդարանի որոշ անդամներ արդեն ասում են. «Չենք մոռանա, չենք ների, պետք է լուծենք այս հարեւանի հարցը»։

Հաշվի առնելով, որ Իրանը Հայաստանի, Ադրբեջանի եւ մասամբ Թուրքիայի հետ սահմաններին ունի 100 հազար զինծառայող եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 40 հազար հոգանոց զորակազմ, նրանք, հավանաբար, պատրաստվում էին այն բանին, որ այնտեղից կարող է հարված հասցվել։

Նրանք պատրաստվում էին դրան, նրանք կենտրոնացրել էին իրենց զորքերն այնտեղ, այլ ոչ թե իրան-աֆղանական, ոչ թե իրան-պակիստանյան եւ անգամ ոչ էլ իրան-իրաքյան սահմանին»,- ամփոփել է փորձագետը։