Նկատի ունենալով այն, ինչ տեղի է ունենում, կարելի է հստակ հայտարարել, որ Հայաստանն ավտորիտար պետություն է։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Նրա խոսքով՝ իշխանություններն արհամարհում են Սահմանադրությունը եւ օրենքները։ Նա վստահություն է հայտնել, որ այդ ամենը հանգում է Արցախի հիմնախնդրին։
«Փաշինյանը Ադրբեջանին է հանձնել ամենահայկական հողը՝ Արցախը։
Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Այսօր մենք պայքարում ենք միջանցքի, Սահմանադրության փոփոխության, ԵԱՀԿ ՄԽ լուծարման դեմ։ Համալիր պայքարի միակ միջոցն այս ամենի դեմ Արցախի հարցն օրակարգում պահելն է, քանի որ մնացածը Արցախի հանձնման հետեւանք է։ Արցախի հարցը փակված չէ։ Քանի դեռ չի լուծվել ավելի քան 150 հազար արցախահայերի վերադարձի հարցը, Արցախի հարցը փակված չէ։ Եվ Ադրբեջանը գիտի դա»,- ընդգծել է Օսկանյանը։
Արտաքին գործերի նախկին նախարարը նշել է, որ միջազգային հանրությունը լրջորեն սատարում է արցախահայերի վերադարձի լուծման օրակարգին՝ հիշեցնելով միջազգային կառույցների որոշումների մասին։
«Այդ հարցը հետփաշինյանական իշխանությունը պետք է մտցնի օրակարգ»,- եզրափակել է նա։











