Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեքենայի դիմապակուն արդեն փակցվել է ԱՊՊԱ կտրոնը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նշենք, որ հունվարի 12-ին Կառավարության շենքի մոտ լրատվամիջոցներից մեկն արձանագրել էր, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ավտոմեքենայի դիմապակուն փակցված չէ պարտադիր ապահովագրության ԱՊՊԱ կտրոնը:
Ահարոնյանը նշել է, թե Ոստիկանության պետն անմիջապես արձագանքել է հրապարակմանը. ՃՈ 1-ին գումարտակի տեսուչի կողմից վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել վարորդի` Գագիկ Զոհրաբյանի վերաբերյալ:
«Ոստիկանության պետը պարզապես չէր նկատել, որ ԱՊՊԱ կտրոնը ժամանակին չի փակցվել համապատասխան տեղում, ինչի համար ներողամտություն է հայցում եւ գոհունակություն հայտնում լրագրողների օպերատիվ աշխատանքի կապակցությամբ, ինչը հնարավորություն է տվել արագ շտկել վրիպումը»,-նշել է Ահարոնյանը:
Վերջինիս փոխանցմամբ, Գասպարյանի հավատամքը եղել եւ մնում է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, իսկ մնացյալը, որ վերագրում են իրեն, «անհեթեթ, դատարկ, ոչ համարժեք մտավարժանքներ են»:
«Ուրախալի է, որ մեր հասարակությունն ուշադիր է նույնիսկ նման թերացումների հանդեպ, ուրեմն բարեփոխումները արդեն արդյունք են տալիս»,-հայտնել է Ահարոնյանն ու փոխանցել Գասպարանի խոսքերը. «Ինչպես ասում են` Աստված իմ արդարությամբ թող ինձ դատի, իսկ ձեր արդարությամբ` թող ձեզ ների ու ողորմա»:




























