ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Հայաստանում գիտահետազոտական աշխատանքների խթանումը դիտարկելով որպես առաջնահերթություն, 2023–ի սեպտեմբերի 20-ի որոշմամբ սահմանել է ՀՀ ԳԱԱ մրցանակը։ Ի սկզբանե մրցանակ է սահմանվել հետևյալ երեք բնագավառներում՝ Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնիկական գիտություններ, քիմիա, կյանքի և երկրի մասին գիտություններ, հասարակական և հումանիտար գիտություններ։
Ընդհանուր առմամբ մրցանակի համար ներկայացվել է 25 հայտ։ 2024–ի ապրիլի 10-ին հաստատվել են ՀՀ ԳԱԱ 2023 թվականի մրցանակի հաղթողները։
Քիմիայի, կյանքի և երկրի մասին գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում մրցանակի է արժանացել ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի գիտական խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինե Մարգարյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Տարիների ընթացքում մեր խմբի կողմից իրականացվել են բազմաթիվ գիտական նախագծեր, ինչպես միջազգային գործընկերների հետ, այնպես էլ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ։ Այս պահին ևս ունենք ընթացիկ երեք մեծ պրոյեկտներ, որի հիմնական նպատակն է դարձյալ ուսումնասիրել, նկարագրել, նույնականացնել և վեր հանել այն ներուժը, որը պահպանվում է Հայաստանում հաջող տեղածին սորտերի գենոմում, նաև վայրի խաղողում։
Վայրի խաղողը մեր գիտական աշխատանքներում շատ կարևոր տեղ է գրավում, որովհետև 2018 թվականից մենք սկսեցինք մեծ պրոյեկտ Գերմանիայի դաշնության խաղողի սելեկցիոն ինստիտուտի հետ համատեղ և բոլորովին անսպասելի բացահայտեցինք, որ Հայաստանում աճող վայրի խաղը ունի հսկայական գենետիկական և սելեկցիոն ներուժ։
Հպարտությամբ ուզում եմ նշել, որ դա բացառապես մեր խմբի կողմից կատարված աշխատանքների ձեռքբերում է, որ երկար տարիներ հետո առաջին անգամ մենք սկսեցինք ուսումնասիրել կենսաբազմազանությունը խաղողի և իրականացնել նույնականացում կամ գենետիկական անձնագրավորում։
Այսինքն մենք վեր ենք հանում և փորձում ենք գտնել այն սորտերը, որոնք կորած էին համարվում, որոնք երբևէ չեն նկարագրվել, և այս պահի դրությամբ ունենք ուսումնասիրված 3000-ից ավել տարբեր գենոտիպեր, որոնցից 400-ը արդեն իսկ ներառված են միջազգային վիտիս տվյալների բազայում և 450-ը միջազգային OIV-ի տվյալների բազայում։
Սա շատ կարևոր նշանակություն ունի երկու տեսանկյունից, նախ փաստագրել ու պահպանել սորտերը նաև տվյալների բազաներում, ստեղծել յուրաքանչյուրի համար անձնագրեր և երկրորդը՝ հավաստել, որ այդ սորտերի ծագումը հենց Հայաստանն է, հայկական լեռնաշխարհն է և այդ առումով շատ հետաքրքիր պրոյեկտ իրականացրեցինք։ Դա մինչ այժմ իրականացված ամենամեծ մեգա նախագիծն էր, որի համար էլ ես հենց արժանացա ԳԱԱ մրցանակին։
16 երկրներ, որտեղ ներկայացված էր նաև Հայաստանը ի դեմս մեր ինստիտուտի, հավաքվեց մի գաղափարի շուրջ, հասկանալու, որտեղ է տեղի ունեցել խաղողի տնայնացումը և ինչպիսի էվոլյուցիա է անցել։
Կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ մենք մի քանի նոր բացահայտումներ կատարեցինք և ամենակարևորը, որով Հայաստանը կարող է և պետք է նաև հպարտանա, դա այն է, որ շուրջ 11 հազար տարի առաջ տնայնացումը տեղի է ունեցել հենց մեր տարածաշրջանում՝ Մերձավոր աԱրևելքի հետ զուգահեռ, միմյանցից անկախ երկու կենտրոններում։
Մեր տարածաշրջանում, ի տարբերություն հերձավոր արևելքի, տնայնացվել են հենց գինու համար նախատեսված կամ գինեմետ սորտերը։ Սա եկավ փաստելու, հավաստելու, որ Հայաստանը իրապես հանդիսանում է խաղողագործության, նաև գինեգործության բնօրրան»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











