Արարատի մարզի Արմաշ գյուղում ծիրանի բերքի մեծ մասը ծառերին կամ ծառերի տակ թափված է մնացել. վերավաճառողները ցածր գին են առաջարկել ծիրանի համար, բանվորները՝ չափից դուրս բարձր գումար բերքը հավաքելու համար։ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում Արմաշի բնակիչ 46–ամյա Տիգրան Մաթևոսյանը պատմեց, որ 3 հեկտարանոց այգում տոննաներով ծիրան է ծառերի տակ մնացել։
«Մարդ այգի էլ չի ուզում մտի, որ ծառերի վրայի ու տակի բերքը չտեսնի։ Ծառերի տակ չիր է դարձել ծիրանը»,–ասաց Տիգրանը։
Նրա խոսքով, ամեն տարի բերքի իրացման հետ կապված խնդիրներ են առաջանում։ Այս տարի իրացման խնդիրներն ավելի են խորացել. Վերին Լարսի փակ լինելու պատճառով ծիրանը չի արտահանվել, ստիպված են եղել ներքին շուկայում շատ ցածր գնով բերքը վաճառել։
«Հավաքելու խնդիրն էլ կար. բերքը միանգամից հասավ, հազարներով բանվորի կարիք կար: Բանվորներն էլ օրական 10 հազար դրամ էին ուզում: Օր է եղել՝ 100 դրամով ծիրան եմ վաճառել, եթե կիլոգրամի համար հիսուն դրամը տայի հավաքողին... պիտի այգին խնամեմ ու ջրեմ էլ չէ՞։ Նորմալ երկրում գյուղացին պիտի բերքը իրացնելու խնդիր չունենար, պիտի իր բերքը ստեղծեր, մշակեր, համապատասխան մարմիններն էլ մտածեին այդ բերքը պահեստավորելու ուղղությամբ»,–ասաց Տիգրանը։
Տիգրան Մաթևոսյանն արդեն ծիրանի ու սև սալորի այգիները վաճառելու մասին է մտածում։ 4 տարի առաջ վարկ է վերցրել ու շուրջ 3 հեկտարանոց այգի հիմնել, բայց ամեն տարի առաջացող խնդիրների պատճառով վարկերն այլևս վճարել չի կարողանում։
«Կես միլիոն գումար եմ աշխատել այս տարի ամբողջ ագյուց։ Դրա 250-300 հազարը ոռոգման ջրի գումարն է, բացի այդ՝ մեքենա ենք օգտագործում, տանն էլ 8 հոգի է ապրում, հաց էլ պիտի ուտենք չէ՞»,–պատմեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։











