Բաքվի դատարանը «Россия сегодня» («Sputnik Азербайджан») լրատվական գործակալության Բաքվի մասնաճյուղի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին դատապարտել է չորս ամսվա կալանքի։ Դրա մասին հայտնել է APA գործակալությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր РИА Новости-ն, արդեն երկրորդ օրն է՝ ո՛չ հարազատներին, ո՛չ էլ Ռուսաստանի հյուպատոսության ներկայացուցիչներին թույլ չեն տալիս տեսակցել ձերբակալված լրագրողներին։
Ձերբակալությունը տեղի է ունեցել հունիսի 30-ին. Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են «Սպուտնիկ Ազերբայջան»-ի յոթ աշխատակցի։ Նրանց թվում են խմբագրական տնօրեն Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Կարճ ժամանակ անց Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել խարդախության, անօրինական ձեռնարկատիրական գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։
«Россия сегодня» մեդիա խումբը պահանջել է անհապաղ ազատ արձակել իր աշխատակիցներին։ Ռուսաստանի արտգործնախարարությունը, Բաքվի գործողությունները որակելով որպես «ոչ բարեկամական», իսկ կալանավորումը՝ «անօրինական», կանչել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։ Նրան բանավոր նոտա են հանձնել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ռուսաստանցի լրագրողներին։





























