CBS հեռուստաալիքի մայր ընկերություն Paramount-ը համաձայնել է վճարել 16 միլիոն դոլար՝ Թրամփի կողմից անցյալ տարվա հոկտեմբերին հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցի վերաբերյալ ներկայացված դատական հայցը կարգավորելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։ 

Paramount-ը հայտարարել է, որ գումարը կուղղվի Թրամփի ապագա նախագահական գրադարանին, այլ ոչ թե կվճարվի անձամբ նախագահին։ Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ «համաձայնագիրը չի ներառում ներողություն կամ ափսոսանքի արտահայտություն», հաղորդում է BBC-ն։ 

Թրամփը սկզբում 10 միլիարդ դոլարի դատական հայց է ներկայացրել՝ մեղադրելով CBS-ին Հարիսի հարցազրույցը դիտավորյալ խմբագրելու մեջ այնպես, որ նախագահական ընտրություններում «նժարը թեքվի Դեմոկրատական կուսակցության կողմը»։ Հետագայում հայցի գումարը մեծացել է մինչև 20 միլիարդ դոլար: 

Տեխասի դաշնային դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ CBS-ը հեռարձակել է հարցազրույցի երկու տարբերակ, որոնցում Հարիսը, ենթադրաբար, տարբեր պատասխաններ է տվել Իսրայելի և Համասի միջև պատերազմի մասին նույն հարցին։ 

CBS-ը նախկինում դատական հայցը որակել է «լիովին անհիմն» և խնդրել է դատարանին մերժել այն։