ԱՄՆ կոնգրեսականներից մեկի 21-ամյա փորձնակ Էրիկ Թարպինիան-Ջահիմը երկուշաբթի երեկոյան կրակոցից մահացու վիրավորվել է Վաշինգտոնում, հաղորդում է NBC NEWS-ը։

Ոստիկանությունը հայտնել է, որ Էրիկ Թարպինիան-Ջահիմը կրակողի թիրախը չէր։ Իրավապահների տեղեկություններով, մոտավորապես 22:28-ին 7-րդ և M փողոցների (NW) խաչմերուկի մոտ մի քանի մարդ դուրս է եկել ավտոմեքենայից և սկսել է կրակել ամբոխի վրա։

Թարպինիան-Ջահիմից բացի, վիրավորվել են մեկ կին և 16-ամյա դեռահաս, սակայն նրանք ողջ են մնացել։

Երբ շտապօգնության ծառայությունները ժամանել են դեպքի վայր, Էրիկն արդեն անգիտակից վիճակում էր։ Նա մահացել է հիվանդանոցում երեքշաբթի օրը։

Կանզասից կոնգրեսական Ռոն Էսթեսը, որի մոտ Թարպինիան-Ջահիմը պրակտիկա էր անցնում, ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին։ Էսթեսի գրասենյակը հայտնել է, որ Թարպինիան-Ջահիմը Մասաչուսեթսի Ամհերստի համալսարանի ավագ կուրսի ուսանող էր, ֆինանսներ և քաղաքագիտություն էր սովորում:

«Ես չեմ մոռանա նրա բարությունը և այն, թե ինչպես էր նա միշտ ժպիտով ողջունում մեր գրասենյակ մտնող յուրաքանչյուրին»,- ասել է Էսթեսն իր ցավակցական խոսքում։

«Մենք շնորհակալ ենք Էրիկին Կանզասի 4-րդ շրջանին և մեր երկրին մատուցած իր ծառայության համար։ Խնդրում եմ միանալ Սյուզանին և ինձ՝ աղոթելու նրա ընտանիքի համար և հարգելու նրանց անձնական կյանքը այս ծանր ժամանակ»։

Զոհի մայրը՝ Թամարա Թարպինիան-Ջահիմը, հրաժարվել է մեկնաբանություններ անելուց։ «Ասելու բան չկա», -ըստ Washington Post-ի՝ արցունքների միջից ասել է նա։

Ֆիլիպ Փիթերսենը Թարփինիան-Ջահիմի հետ հանդիպել է հունվարին՝ Ամերիկյան ուսումնասիրությունների ծրագրում պրակտիկա անցնելիս։ Նրանք միասին գնացել են վիկտորինաների, խոսել կյանքի, կանանց և իրենց նպատակների մասին։ Փիթերսենը պատմում է, որ Թարպինիան-Ջահիմը երազում էր ֆինանսների ոլորտում կարիերայի մասին։ Նա հիշում է, թե ինչպես ապրիլին նրանք միասին շրջագայության գնացին Սպիտակ տան այգի։ «Նա ինձանից շատ ավելի բարձրահասակ էր», - հավելել է Փիթերսենը։

Ոստիկանությունը մինչև 25 հազար դոլար պարգև է առաջարկում սպանության համար պատասխանատու անձանց ինքնությունը պարզելու և նրանց հետապնդմանը նպաստող տեղեկությունների համար: Դա Կոլումբիայի շրջանում ցանկացած սպանության գործ բացահայտելու համար ստանդարտ գումար է։