ԱՄՆ-ն ու Իսրայելը հետաձգել են համատեղ անցկացվող մեծածավալ զորավարժությունները: Ըստ ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության` «երկու երկրների ղեկավարությունը որոշել է, որ բոլոր ստորաբաժանումների ամենալավ արդյունքը կերեւա ավելի ուշ` այս տարում»:
Իսրայելի ռազմական աղբյուրները հայտնում են, որ զինավարժությունների հետաձգման գլխավոր պատճառ այն է, որ «Վաշինգտոնը չի ցանկանում սրել իրավիճակը տարածաշրջանում, հատկապես նկատի ունենալով վերջերս լրատվամիջոցների հրապարակումները, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակում նախապատրաստելուն»:
Իսրայելյան ռազմական ուժերի նախկին հայտարարությունների համաձայն`զորավարժությունների նպատակը Իրանից եւ այլ թշնամի հանրապետություններից Իսրայելին պաշտպանելն է: Նշվում է, որ զինավարժությունները ծրագրված են եղել վաղուց եւ ընթացիկ դեպքերի հետ ոչ մի կապ չունեն, մասնավորապես` վերջերս Իրանում տեղի ունեցած հրթիռների փորձարկումների հետ:
2009 թվականին արդեն անցկացվել են ամերիկաիսրայելյան զինավարժություններ, որին բացի իսրայելցիների ռազմական ուժերից մասնակցել են ավելի քան 1000 ամերիկյան զինծառայողներ: Բացի դրանից, գործարկվել են ԱՄՆ-ի 15 նավեր: Այն ժամանակ զինավարժություններն անցկացվել են «Իրանի, Սիրիայի, Լիբանանի եւ Գազայի հատվածի կողմից զանգվածային հարձակումներին դիմակայելու նպատակով», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























