Չինաստանի Առևտրի նախարարության և Չժեցզյան մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների ԶԼՄ ներկայացուցիչների համար միջազգային սեմինարի շրջանակում լրագրողների համար թեյի արարողություն է անցկացվել Ջինհուայում։ Մասնակիցների թվում են եղել նաև Հայաստանից ժամանած պատվիրակությունը, որի կազմում են NEWS.am լրատվական գործակալության լրագրողները, որոնք գործուղվել են Հայաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ:
Չինական թեյի արարողությունը մի քանի հազար տարեկան է։ Դրա ծագումը պարուրված է լեգենդներով։ Մեկ տարբերակի համաձայն՝ թեյը առաջին անգամ օգտագործվել է Շան դինաստիայի օրոք, սակայն «չա» բառի գրավոր հղումները գնալով ավելի տարածված են դառնում մ.թ.ա. 3-րդ դարից սկսած՝ Երկնային կայսրությունում բուդդիզմի առաջին քայլերից հետո։


Թեյի արարողությունը որպես հաստատված ծես տարածվել է Չինաստանում Թան դինաստիայի ժամանակ, իսկ Սոնգ դինաստիայի ժամանակ՝ թեյը դարձել է կյանքի անբաժանելի մասը։ Ժամանակակից չինացիները կարող են պարծենալ թեյի արարողության հարյուրավոր տարբերակներով։
Ավանդական ձևաչափերից մեկը՝ գոնգֆու չան, ոչ թե պարզապես թեյ պատրաստելու գործընթաց է, այլ իրական մեդիտատիվ գործողություն։ Դա մի տեսակ ճանապարհորդություն է ձեր ներսում՝ մտքերի, զգացողությունների մեջ, կենտրոնանալով բույրերի փունջի, համային նրբությունների և գործընթացի գեղագիտության վրա։
Եթե դուք ականատես եք եղել նման արարողության կամ հրավիրված եք չինացի ընկերների տուն, կարևոր է հասկանալ. արարողությունը հարգանք և ուշադրություն արտահայտելու միջոց է։ Հյուրընկալողը ցույց է տալիս իր վերաբերմունքը հյուրերի նկատմամբ, և նրանք, իրենց հերթին, երախտագիտությամբ ընդունում են հոգատարությունն ու ջերմությունը։


Չինաստանում թեյ պատրաստելը համարվում է արվեստ: Կայսրերին և նրանց շրջապատին մատուցվում էր բարձրորակ ամբողջական տերևներից պատրաստված թեյ, մինչդեռ սովորական մարդիկ ավելի հակված էին ստանալ թեյեր՝ պատրաստված աղյուսներից կամ փոքր տերևներից։
Չինական թեյի արարողությունը մի ամբողջ փիլիսոփայություն է: Այստեղ գնահատվում է ոչ միայն խմիչքի համը, այլև գործընթացը՝ բույրը շնչելը, թեյի գույնի փոփոխությունը դիտելը եփման ընթացքում և համը համտեսելը: Հին ավանդույթների համաձայն՝ այս ծեսը նպաստում է ներդաշնակությանը, խաղաղությանը և առողջությանը:

Թեյը պատրաստվում է խստորեն սահմանված կանոնների համաձայն՝ հաշվի առնելով ամենափոքր նրբությունները: Օրինակ, խորհուրդ չի տրվում թեյը խմել չափազանց տաք. բարձր ջերմաստիճանը թույլ չի տալիս լիարժեք զգալ բույրն ու համը: Թեյի վարպետը հետևում է բոլոր մանրամասների պահպանմանը:
Պարույր Սինյավսկի, Մարիա Ասատրյան Ջինհուայից











