Իրանն ու Իրաքը երկու երկրների սահմանին նավթահորերի մշակման համատեղ ձեռնարկություն են ստեղծում: Այս մասին «ՖԱՐՍ» գործակալությանը հայտնել է Իրանական կենտրոնական շրջանների  նավթային ընկերության ղեկավար Մեհդի Ֆաքուրը:

Նա հայտնել է, որ տվյալ գաղափարին սատարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկին: Փետրվարի սկզբին համաձայնագիրը հաստատելու նպատակով Թեհրան կժամանի իրաքյան պատվիրակությունը: Ստեղծվող ընկերությունը կզբաղվի սահմանային գոտում երեք նավթահորերի մշակման համար կապալառուների որոնմամբ:

Գործակալության տվյալներով` իրանա-իրաքյան սահմանի երկու կողմերից յուրաքանչյուրին 12 նավթագազային շրջան է հասնում: Համատեղ նավթահորերից խոշորագույնը` «Ազադգահը», 26 մլրդ բարել նավթի պաշար է պարունակում: