Տարին նշանավորվել է Եվրոպական Միության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ համագործակցության խորացմամբ, բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացմամբ: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2011 թվականի ամփոփիչ հաշվետվության մեջ:
Ըստ այդմ, 2011թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Վարշավայում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, որի շրջանակներում վերջինս հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Աշթոնի հետ:
Մարտին, սեպտեմբերին, նոյեմբերին եւ դեկտեմբերին Բրյուսել է այցելել ՀՀ վարչապետը, մայիսին` ՀՀ ԱԺ նախագահը:
2011թ. մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Բրատիսլավայում կայացած Վիշեգրադյան քառյակի՝ Արեւելյան գործընկերության անդամ երկրների ընդլայնված հանդիպմանը։
Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երեւանում ստորագրեցին համագործակցության շարունակական ընդլայնման մասին համատեղ հռչակագիրը:
Հաշվետու տարում ԵՄ-ից Հայաստան են այցելել Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Եվրոպական արտաքին գործերի ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչակը:
Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում 2011թ. կայացել է բանակցությունների չորս լիագումար նիստ եւ մոտ երեք տասնյակ տեսակոնֆերանս: Բանակցվել եւ ժամանակավորապես փակվել է տնտեսական եւ ոլորտային համագործակցության 20 գլուխ:
2011թ. գարնանը եւ աշնանը տեղի են ունեցել Արեւելյան գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցության չորս թեմատիկ պլատֆորմների հերթական նիստերը, ինչպես նաեւ մի շարք աշխատանքային խմբերի հանդիպումներ:
Շարունակվել է նաեւ ոլորտային համագործակցությունը ԵՄ հետ, մասնավորապես` արդարադատության, միգրացիայի, առեւտրի, բնապահպանության, տրանսպորտի, էներգետիկայի, կրթության եւ գիտության ոլորտներում:
2011թ. նոյեմբերի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստը:
Դեկտեմբերի 6-ին Երե անում կայացել է մարդու իրավունքների շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսության 3-րդ հանդիպումը:
Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները մեկնարկելու համար հայկական կողմի ձեռնարկած քայլերի արդյունքում ակնկալվում է բանակցություններ սկսել 2012թ. առաջին կիսամյակում:
Հաշվետու տարվա դեկտեմբերի 19-ին ԵՄ խորհուրդը հաստատել է ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցման ուղղությամբ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մանդատը: Մոտակա շաբաթներին ակնկալվում է բանակցությունների մեկնարկը։
Հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը եւ ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարները ստորագրեցին Հայաստան - Եվրոպական Միություն «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը:
Հաշվետու տարվա մայիսին պաշտոնապես հիմնադրվել է Եվրանեսթը՝ որպես Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների միջխորհրդարանական համագործակցության մարմին։ Սեպտեմբերին կայացել է կառույցի առաջին լիագումար նիստը։
Հայաստանում շարունակել է իր գործունեությունը Եվրոպական Միության խորհրդատվական խումբը:



























