Հայաստանը 2011 թվականին շարունակել է քայլեր ձեռնարկել Չինաստանի, Հնդկաստանի ու Ճապոնիայի հետ իր հարաբերությունների զարգացման ու ամրապնդման ուղղությամբ: Այս մասին նշվել է ԱԳՆ 2011 թվականի ամփոփիչ եզրակացության մեջ:
Ինչպես նշվում է ԱԳՆ հաշվետվության մեջ, 2011թ. փետրվարին Հայաստան է այցելել ՉԺՀ ԱԳ նախարար Յան Ձեչին: Հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
2011թ. ապրիլին կայացել է ՉԺՀ Կոմկուսի Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի այցը ՀՀ:
2011թ. հուլիսին Պեկինում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ եւ ՉԺՀ արտգործնախարարությունների միջեւ:
Տարվա ընթացքում կայացել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի, Տարածքային կառավարման նախարարի, գլխավոր դատախազի, Վճռաբեկ դատարանի նախագահի եւ Երեւանի քաղաքապետի այցերը ՉԺՀ։
2011 թ. Չինաստանը Հայաստանին աջակցության շրջանակներում տրամադրել է 88 շտապօգնության մեքենա, 249 ավտոբուս:
Հաշվետու տարվա ապրիլին Երեւանում կայացել է Հայ-չինական առեւտրատնտեսական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը, որին զուգահեռ անցկացվել է Հայ-չինական գործարար համաժողով:
Նոյեմբերի 7-ին Երեւանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Հնդկաստանի Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պայլոտի ներկայությամբ բացվել է Հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնը:
2011թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Երեւանում ընթացել է Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը: Ստորագրվել է «ՀՀ կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառներում 2012-2015թթ. համագործակցության մասին» ծրագիրը: Նույն օրերին Երեւանում տեղի ունեցած հայ-հնդկական Գործարար համաժողովի ընթացքում ստորագրվել է համաձայնագիր «Հայ-հնդկական Գործարար խորհրդի ստեղծման մասին»:
Նոյեմբերի 1-ին Երեւանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Հնդկաստանի ԱԳՆ-ների միջեւ:
Հաշվետու տարվա մայիսի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվել Ճապոնիայի ԱԳ առաջին փոխնախարար Հիսասի Տոկունագան, որին ընդունել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այցի շրջանակներում Սբ Գր. Լուսավորիչ տաճարում կայացել է Ճապոնիայի երկրաշարժի եւ ցունամիի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն, որին մասնակցել է Հիսասի Տոկունագան:
Հայաստանի կառավարությունը երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքները վերացնելու նպատակով 500 հազար դոլարի օգնություն է տրամադրել Ճապոնիային:
Շարունակվել է Ճապոնիայի կողմից Հայաստանին տրվող տեխնիկական աջակցությունը։ Հայաստանին օժանդակության շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը տրամադրել է 28 հրշեջ մեքենա:
Ապրիլի 14-ին Բեռլինում եւ դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում տեղի են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումներն Ավստրալիայի ԱԳ նախարար Քեվին Ռադի հետ:




























