Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան հանրապետության բարձրագույն գիտական հաստատությունն է, որը կոչված է համախմբել գիտության տարբեր բնագավառներում հիմնարար և կիրառական հետազոտություններ իրականացնող գիտնականներին, նպաստել երկրի սոցիալական և տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակն է։

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԳԱԱ ակադեմիկոս–քարտուղար,  Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանությանը նշում է. «Մրցանակները մշտապես կարևոր դեր են խաղացել գիտության զարգացման հարցում, անգամ ուշ միջնադարից սկսած պետությունների ղեկավարները իրենց հովանու տակ էին առնում գիտության ոլորտի զարգացումը և այդ ժամանակվանից սկսած մշտապես սահմանվել են տարատեսակ մրցանակներ։ Կան շատ հռչակավոր մրցանակներ, ինչպիսիք են օրինակ Նոբելյան մրցանակը, Դեկարտի մրցանակը և այլն։

20-րդ դարում, որը կարելի է որակել որպես հենց գիտության հաղթարշավի դարաշրջան, այդ մշակույթը լայն զարգացում ապրեց շատ տարբեր ուղղություններով։ Մեզ րաշալի հայտնի են խորհրդային տարատեսակ մրցանակները, ապա մեր անկախության ժամանակաշրջանում նախագահի մրցանակը, որը շատ կարևոր դեր խաղաց այդ ծանր տարիներին, երբ գիտությունը հիմնականում պահվում էր գոյատևման ռեժիմում, աշխուժություն մտցնելու համար և գրավիչ դարձնելու համար գիտության ոլորտը։

Ինչ վերաբերում է ԳԱԱ մրցանակի սահմանմանը Ես պետք է ասեմ որ անձամբ իմ տեսակետից իմ պատկերացումներով սա մշակութաստեղծ երևույթ է»։

Իր հերթին ՀՀ ԳԱԱ նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշում է. «Մրցանակը, որը կոչվում է ակադեմիայի մրցանակ հիմնադրվել է 2023–ին, ԳԱԱ նախագահության որոշմամբ։ Դա իրականում փոխարինում է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին։

Մրցանակի մեջ ներառված են գրեթե բոլոր ուղղությունները, այնպես ինչպես դա պետական մրցանակի դեպքում էր, ուղղակի այստեղ մենք ավելացրել ենք նաև կիրառական ուղղվածությունը»։

ՀՀ ԳԱԱ մրցանակը ի սկզբանե շնորհվել է հինգ անվանակարգում: Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների ու քիմիայի, կյանքի և երկրի մասին գիտությունների բնագավառներում երկուական մրցանակ, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների ոլորտներում, իսկ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում մեկ մրցանակ: Մրցանակը շնորհվել է տվյալ բնագավառում կարևորագույն հիմնարար և կիրառական գիտական կամ գիտատեխնոլոգիական արդյունքների ապրանքայնացման պատրաստ կամ ներդրված կիրառական մշակումների արժեքավոր գործի, հայտնագործության կամ աշխատանքների շարքի համար։

«Նախկինում նման մրցանակ չի եղել, ոչ պետական մրցանակի, ոչ էլ նախագահի մրցանակի շրջանակներում, բայց դա շատ կարևոր է, որովհետև բոլորս էլ լավ հասկանում ենք, որ այսօր Հայաստանի համար ավելի պահանջված են հենց կիրառական հետազոտությունները, որովհետև տնտեսության, ռազմարդյունաբերական համակարգի հզորացման, զարգացման հիմնական գրավականը դա է։

Անցած մրցանակաբաշխության ժամանակ բոլոր հինգ նոմինացիաներում էլ եղել են հաղթողներ։ Ընդ որում ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների ուղղությամբ հանձնաժողովը որոշում երկու աշխատանք արժանացել են գրեթե հավասար գնահատականների և սկզբնական շրջանում որոշում էր կայացված, որ երկուսին էլ շնորհել տրամադրված գումարի շրջանակներում, բայց հետո ֆինանսավորող կազմակերպությունը ամեն դեպքում առանձին-առանձին երկու աշխատանքներին էլ տվել է լիարժեք ֆինանսավորում»,–ասաց Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ մրցանակ 2025-ի հայտերը ընդունվում են մինչև հուլիսի 11-ը ներառյալ։ Աշխատանքները գնահատվելու են համապատասխան մասնագիտական հանձնաժողովների կողմից, որոնց երաշխավորության հիման վրա էլ մրցանակի շնորհման աշխատանքները համակարգող խորհրդի կողմից հաստատվելու են ՀՀ ԳԱԱ 2025 թվականի մրցանակի հաղթողները։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։