«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ չի քննարկել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը, որն առաջ են քաշել խորհրդարանական «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով, կուսակցության երկարաժամկետ ծրագրում նախատեսված է աստիճանաբան անցում կատարել համամասնական ընտրակարգին, «սակայն տվյալ օրինագիծը դեռ չի քննարկվել»:

«Եթե մենք իրոք ցանկանում ենք ունենալ քաղաքական խորհրդարան, որտեղ ընթացող գործընթացները կունենան միայն քաղաքական մոտիվացիա, պետք է 100-տոկոսանոց համամասնական համակարգ: Սակայն, այս փուլում այդ հարցը ԲՀԿ-ում չի քննարկվել: Այս հարցի կապակցությամբ կուսակցությունն իր մոտեցումը կհայտնի մինչեւ փետրվար, երբ օրինագիծը կքննարկվի խորհրդարանում»,-հայտարարել է Զոհրաբյանն, ընդգծելով, որ նկատի ունի հարցի զուտ քաղաքական կողմը:
Նրա խոսքով, պետք է հաշվի առնել, որ Սահմանադրության մասնագետներն ու իրավաբանները դեռ չեն հստակեցրել` 100-տոկոսանոց ընտրակարգի անցնելը համապատասխանո՞ւմ է Հայաստանի Սահմանադրությանը, թե` ոչ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժառանգություն» եւ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունները հունվարի 12-ին  շրջանառության մեջ են դրել Ընտրական օրենսգրքում,  խորհրդարանի կանոնակարգ օրենքում եւ «Հայաստանի Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ ենթադրող օրինագծերի փաթեթը, որը նախատեսում է անցում կատարել  100%-անոց համամասնական ընտրակարգի:

Նշենք, որ 2011թ. դեկտեմբերի 27-ին խորհրդարանական երկու խմբակցությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ` առաջարկելով հրաժարվել մեծամասնական համակարգից եւ անցում կատարել 100%-անոց համամասնական  համակարգին: Առաջարկը պաշտպանել եւ ողջունել են Հայ ազգային կոնգրեսը, «Ազատ դեմոկրատներ» (ԱԴԿ), «Շրջադարձ» եւ Ժողովրդական (ԺԿ), Հայաստանի ռամկավար ազատական (ՀՌԱԿ), Ազգային ժողովրդավարական (ԱԺԿ), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական (ՀԱՍԿ), Միավորված աշխատանքային (ՄԱԿ), Հայաստանի դեմոկրատական (ՀԴԿ) կուսակցությունները, քաղաքական ու քաղաքացիական բազմաթիվ խմբեր ու մտավորականներ: