Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դուստրը` Եվգենիան, պնդում է, որ իր մոր կյանքը վտանգի տակ է եւ ինքը պետք է եվրոպացի առաջնորդներին պատմի այդ մասին, որ արդեն «եկել է կրիտիկական պահը»:Այս մասին հայտարարել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում:

Նա մտադրություն է հայտնել այցելել տարբեր Եվրոպական երկրներ եւ պատմել տեղի ունեցող անարդարության մասին:

«Ես կգնամ Ստրասբուրգ, Մեծ Բրիտանիա, տարբեր երկրներ, հնարավոր է, նաեւ Դանիա, ընդհանրապես ամեն տեղ, որտեղ ինձ կընդունեն եւ որտեղ ես կարող եմ պատմել տեղի ունեցող անարդարության մասին: Ես չեմ կարող սահմանափակվել քաղաքական իրավիճակի մասին խոսակցություններով, որովհետեւ հիմա խոսը նրա կյանքին սպառնացող վտանգի մասին է»,-ասել է նա:

Տիմոշենկոյի դուստրը տեղի ունեցողն անվանել է «մեկ անձի լրիվ ակնհայտ ֆիզիկական ոչնչացում, ով Յանուկովիչի ռեժիմի միակ ընդդիմախոսն էր դարձել» եւ «հենց դրա համար էլ նրան բանտում են պահում»:

Նախկին վարչապետի դուստրը նշել է, որ չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ, քանի որ ինքը քաղաքական գործիչ չէ: «Ես պարզապես ուզում եմ, որ մայրս դուրս գա բանտից եւ արժանիորեն առաջադրվի խորհրդարանական ու նախագահական ընտրություններում, որովհետեւ նա, իսկապես, միակ առաջնորդն է, ով մեզ մոտ մնացել է, ով պայքարում է այս ռեժիմի դեմ ու դա անում է արդեն իր քաղաքական գործունեության 15 տարիների ընթացքում: Ես ուզում եմ, որ նրա նպատակներն իրականանան եւ նա դառնա մեր երկրի քաղաքական առաջնորդը»,-ընդգծել է Եվգենիան: