ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ եւ առեւտրի նախարար Էյմոն Գիլմորը պատրաստ է Իռլանդիայի փորձը կիսել հակամարտությունների լուծման հարցում: Այս մասին նա նշել է իր «Վստահության ձեւավորում եւ լարվածության նվազեցում» անվանումը կրող ուղերձում: Հիշեցնենք, որ Իռլանդիան հունվարի 1-ին գլխավորում է ԵԱՀԿ-ն:

Իմոն Գիլմորն անդրադառնում է նրան, թե ինչու Եվրոպային դեռեւս անհրաժեշտ է ԵԱՀԿ-ն, եւ ինչ կարող է Իռլանդիան առաջարկել կազմակերպությանը:

Ստորեւ ներկայացնում ենք ուղերձի ամբողջական տեքստը:

«Իռլանդիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը` անվտանգության ամենաընդարձակ եւ հաջողակ տարածաշրջանային մարմնի, որ տարածվում է Հյուսիսային կիսագնդում Վանկուվերից մինչեւ Վլադիվոստոկ: Թեեւ ոչ այնքան հայտնի, որքան ԵՄ-ն կամ ՄԱԿ-ը` ԵԱՀԿ - ն կարեւոր դեր է խաղում Եվրոպայի եւ ողջ ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ապահովման գործում: Սառը պատերազմի ժամանակ այն կարեւոր ֆորում էր` վստահություն ձեւավորելու եւ նվազեցնելու լարվածությունը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Սպառազինությունների վերահսկման եւ ռազմական թափանցիկության ուղղությամբ շարունակական աշխատանքը դեռեւս առանցքային է Եվրոպայի անվտանգության համար, ինչպես եւ ավելի քան երեսուն տարի առաջ էր:

ԵԱՀԿ-ն ոչ միայն վստահության եւ անվտանգության խնդիրներին է վերաբերում: ԵԱՀԿ կարեւոր նորարարություններից է այն գաղափարը, որ անվտանգությունը ոչ միայն ռազմական խնդիր է, այլեւ կապված է արդյունավետ տնտեսության, կայուն շրջակա միջավայրի, բոլորի համար մարդու իրավունքների մատչելիության հետ: Այն առաջարկել է զուգահեռներ նրանց, ովքեր չեն տեսել այլընտրանք երկու գաղափարական դաշինքների առճակատմանը: Մարդու իրավունքների հույժ կարեւորությունը միտված է օգնելու նրանց, ում իրավունքները ոտնահարվել են, նաեւ նպաստելու ավելի ժողովրդավարական հասարակությունների զարգացմանը: ԵԱՀԿ-ն նաեւ զգալի ներդրում է ունեցել հետկոնֆլիկտային վերականգնման եւ պետության կայացման գործում Հարավ-արեւելյան Եվրոպայում:

Պաշտոնս ստանձնելուց հետո` ինձ բազմիցս հարցրել են, թե ինչու է ԵԱՀԿ-ն դեռեւս անհրաժեշտ Եվրոպայի համար Սառը պատերազմի ավարտից ավելի քան քսան տարի անց, եւ ինչ կարող է առաջարկել Իռլանդիան կազմակերպությանը: Սառը պատերազմը գուցե եւ ավարտվել է, բայց դեռեւս մեծ աշխատանք պետք է տարվի` հետամուտ ԵԱՀԿ համապարփակ անվտանգության կառուցմանը: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հզոր ազդեցություն ունեցավ Եվրոպայի վրա եւ ցույց տվեց համատեղ գործողությունների անհրաժեշտությունը, քանի որ ոչ մի երկիր առանձին չի կարող հաղթահարել հետճգնաժամային հետեւանքները: Նույնը վերաբերում է միջազգային սպառնալիքներին, որոնցով ԵԱՀԿ-ն այժմ զբաղվում է: Լինի դա կազմակերպված հանցավորություն թե ահաբեկչություն, կիբեր անվտանգություն կամ մարդկանց թրաֆիքինգ` ոչ մի երկիր չի կարող լուծել այդ խնդիրներն առանց հարեւան երկիրների համագործակցության: ԵԱՀԿ-ն նաեւ զբաղվում է այսպես կոչված ձգձգված հակամարտություններով. մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, մասնակցում ենք մերձդնեստրյան կարգավորման 5 + 2 բանակցություններին եւ Ժնեւի միջազգային քննարկումներին` Վրաստանում 2008 թ. օգոստոսի հակամարտության շուրջ: Կազմակերպության դաշտային առաքելություններն` Ալբանիայից Ուզբեկստան, այդ թվում նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, կարեւոր աշխատանքներ են իրականացնում` աջակցելու ընդունող երկրներին ավելի լավ արձագանքելու իրենց ժողովուրդների կարիքներին:

Իռլանդիայի յուրաքանչյուր կառավարություն խթանել է արդյունավետ բազմակողմանիություն: Մենք միջազգային կազմակերպություններին անդամակցությանը շատ լուրջ ենք վերաբերվում եւ հպարտ ենք` ԵՄ հաջող նախագահությունների պատմություն ունենալու, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամ ընտրվելու համար: ԵԱՀԿ նախագահության ստանձնումը հստակ արտահայտում է Իռլանդիայի հանձնառությունը` ՄԱԿ-ի խարտիայի համաձայն` միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման, նաեւ միջազգային իրավունքի հարգանքի:

Գերակայությունները, որ նշել եմ Վիեննայում ս.թ. հունվարի 12–ի ԵԱՀԿ իմ ուղերձում, ներկայացնում են հավակնոտ, բայց հավասարակշռված մոտեցում մեր առջեւ ծառացած մարտահրավերներին: Ես աշխատելու եմ ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունների հետ միասին` ձեւովորելու փոխհամաձայնություն մի շարք որոշումների շուրջ, որոնք կվերահաստատեն ԵԱՀԿ կենտրոնական դերը` որպես հիմնարար ազատությունների երաշխավոր: Մասնավորապես ես հավատացած եմ, որ քաղաքացիները պետք է իրավունք ունենան օգտվելու մարդու իրավունքներից, ինչպիսիք են օրինակ խոսքի եւ ԶԼՄ ազատությունը` անկախ դրոեւորման ձեւի: Մեզ մոտ Իռլանդիայում` Եվրոպայի ինտերնետային մայրաքաղաքում, սույն տարվա հունիսին կանցկացվի համացանցի /ինտերնետի/ ազատության թեմայով խորհրդաժողով ` քննարկելու այս հարցը: Ես նաեւ մտադիր եմ կիրառել հակամարտության կարգավորման Իռլանդիայի եզակի փորձը` կազմակերպելով համաժողով ապրիլին, որտեղ կներկայացվի Հյուսիսային Իռլանդիայի օրինակը` որպես ուսումնաիրության առարկա:

Ընդառաջ 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի քառասունամյակին, որ հանգեցրեց ԵԱՀԿ ստեղծմանը` ես հանձն եմ առնում աշխատել հաջորդ նախագահություների հետ` զինելու կազմակերպությունն` անդրադառնալու ներկայիս եւ ապագա սպառնալիքներին: Ճիշտ այնպես, ինչպես բնօրինակը պարտավորեցնում էր սառը պատերազմի հակառակորդներին նորովի կերտել իրենց փոխհարաբերությունները` մենք պետք է երաշխավորենք, որպեսզի ԵԱՀԿ-ն, քառասուն տարի անց պատրաստ լինի դիմագրավելու աշխարհի անորոշության մարտահրավերները»:

Իմոն Գիլմորը Իռլանդիայի փոխվարչապետ է, արտաքին գործերի եւ առեւտրի նախարար: Հունվարի 1-ից նա հանդիսանում է ԵԱՀԿ գործող նախագահ: