Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր` հունվարի 16-ին, հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1837 բանաձեւի կատարման ընթացքը, Հայաստանի ներքաղաքական զարգացումները, ընտրական գործընթացի բարելավման եւ վերահսկման խնդիրները: Լեւոն Զուրաբյանը նաեւ քաղաքական գնահատական է տվել անցած տարվա դեկտեմբերին հրապարակված մարտի 1-ի վերաբերյալ ՀՔԾ զեկույցի կապակցությամբ:
Այնուհետեւ ԵԽԽՎ համազեկուցողի հետ հանդիպել է Կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը: Նա ներկայացրել է Կոնգրեսի դիտարկումները ՀՔԾ զեկույցի բացթողումների ու թերացումների վերաբերյալ, մասնավորապես, անդրադարձ է կատարել ՀՔԾ-ի կողմից մարտի 1-ի սպանությունների, ինչպես նաեւ գնդակային եւ բեկորային մարմնական վնասվածքներ ստացած անձանց գործերի վերաբերյալ ոչ արդյունավետ քննության խնդիրներին:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը:




























